Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՊ-բնակշին»-ի տնօրենը «թռած» է

Փետրվար 03,2012 13:24

Իսկ նրա հյուսած սարդոստայնի մեջ տասնյակ բնակիչներ են հայտնվել, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները:

Մի խումբ խաբված սեփականատերեր, որոնք մեծ գումարներ են մուծել «ԳԱՊ-բնակշին» ընկերությանը՝ բնակարաններ ունենալու ակնկալիքով, սակայն այդ բնակարանների հետքն անգամ չեն տեսել, նամակով դիմում են ՀՀ նախագահին՝ հույս ունենալով, որ նա ուշադրության կենտրոնում կպահի այս հարցը:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին.

Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ են դիմում Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ՝ Արամի 72-80 հասցեում կառուցվող շենքի խաբված սեփականատերերը: Եվս մեկ անգամ ստիպված ենք դիմել Ձեզ անարդարության, խաբեության, մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստի վերաբերյալ: Այսպես՝ «ԳԱՊ-բնակշին» ընկերությունը, որի տնօրեն Գագիկ Պապոյանը տեւական ժամանակ է, ինչ անհայտ պատճառներով բացակայում է հանրապետությունից, եւ որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, Արամի 72-80 հասցեում գտնվող շենքի բնակարանների մեծ մասը վաճառել է 3-4 անգամ, շենքի 172 բնակարանների համար կնքված է շուրջ 500 նախնական առուծախի պայմանագիր։ Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ դեռեւս շենքի շինարարության սկզբից, կատարելով պայմանագրային պարտավորությունները, ըստ ժամանակացույցի, գումարներ ենք ներդրել շինարարության համար։ Երբ շենքը կառուցվեց, բնակարանների տերերը տեսան, որ իրենցից բացի՝ կան նաեւ այլ տերեր: Գործին խառնվեց ՀՀ  ֆինանսների նախարարությունը, քանի որ երրորդ կողմը պետությունն է՝  հանձին Երեւանի քաղաքապետարանի: Ֆինանսների նախարարությունը փորձեց այս հարցին ինչ-որ լուծում տալ։ Սակայն մինչ օրս ոչ մի գործնական քայլ չի իրականացվել։ Սկսվեց դատական քաշքշուկը, մարդիկ ավելի շատ էին, քան բնակարանները։ Այսօրվա դրությամբ առաջին ատյանի դատարանները 100 եւ ավելի գործեր են քննության առել եւ կայացրել են դրական որոշումներ։ Սակայն անհասկանալի է, թե դատարանը մեկ բնակարանի համար կնքված երկու եւ ավելի պայմանագրերի առկայության դեպքում ինչ իրավական հիմքերով է որոշում կայացրել այս կամ այն հայցվորի օգտին։

Հարգելի պարոն նախագահ, ելնելով ստեղծված իրավիճակից, խնդրում ենք Ձեր կողմից լիազորված պետական մարմնի ներքո ստեղծել հատուկ խումբ, որը կհավաքագրի «ԳԱՊ-բնակշին» շինարարական ընկերության կողմից կնքված նախնական պայմանագրերը եւ համակարգելով դրանք՝ կպարզի, թե յուրաքանչյուր բնակարանի համար քանի պայմանագիր է կնքվել եւ թե ով երբ եւ որքան ներդրում է իրականացրել, եւ վերջապես՝ ում գումարներով է կառուցվել այդ շենքը։ Միմիայն նշված տվյալների առկայության դեպքում կարելի է օբյեկտիվ որոշում կայացնել, թե ով է իրական սեփականատերը եւ ում պետք է վերադարձվի ներդրված գումարը:

Պարոն նախագահ, խնդրում ենք մեր հարցը պահեք Ձեր ուշադրության կենտրոնում, որպեսզի պատկան մարմինները չթերանան, չշրջանցեն մեր խնդրի լուծումը։ Հասարակության մեջ արդարադատության հանդեպ հավատի վերականգնումն իշխանության վարկանիշի բարձրացումն է։ Դրանից հետո կվերականգնվի ժողովրդի վստահությունը երկրի նկատմամբ, որի մաս ենք կազմում նաեւ մենք՝ Արամի 72-80 հասցեում կառուցվող շենքերի խաբված սեփականատերերս»:

Նշենք, որ «Առավոտին» ուղղված նամակում առկա են մի քանի տասնյակ ստորագրություններ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829