Ինչ լավ է, որ վկաներ կան: ԽՍՀՄ Կոմերիտմիության վերջին համագումարն էր: Եվ ես, որպես «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, հրավիրված էի համագումարին: Այն տարիներին «Գարուն» ամսագիրը երկու տիրոջ ծառա էր՝ Կոմերիտմիության Կենտկոմի եւ Հայաստանի Գրողների միության:
Մոսկվայում անձրեւ էր գալիս, եւ ես, սովորույթիս համաձայն, ակամա ուշացա հասնել համագումարի դահլիճ: Եվ քանի որ ուշացել էի՝ աղետալի արագությամբ փորձեցի մտնել ներս: Այնինչ նախադահլիճում գեղեցկուհի ռուս աղջիկներ էին նստած, որոնցից մեկը ինձ հարցրեց.
– Минуточку, товарищ, вы член пленума?
Եվ ես, որպեսզի ուշացումս փրկեմ, կատակով ասացի.
– Нет, дорогая, я плен членума.
Մի պահ լռություն տիրեց: Հետո բոլորը սկսեցին հռհռալ ու ինձ տարան՝ ցույց տվեցին իմ տեղը, որտեղ ես պիտի նստեի: Մեր ղեկավար Հրանուշ Հակոբյանը զայրացած էր, որ ես ուշ մտա, չնայած նիստը դեռ չէր սկսվել եւ դահլիճում կիսախավար էր: Ներողություն խնդրելով՝ նստեցի եւ անմիջապես էլ նկատեցի, որ առաջին շարքում նստած է Պոլիտբյուրոն՝ Գորբաչովի գլխավորությամբ, իսկ մենք երկրորդ շարքում էինք: Եվ ես՝ ուշացածս, հանկարծ հասկացա, որ իմ դիմաց Գորբաչովն է նստած, եւ մտածեցի, որ եկել է պահը, որ կարող եմ նրա հետ խոսել: Երբ բարձրացա տեղիցս, որ գնամ, Հրանուշ Հակոբյանը համոզեց, որ չգնամ: Բայց ես համառորեն գնացի: Գնացի՝ բոլորին բարեւելով հասա Գորբաչովին: Ասացի՝ Здравствуйте, Михаил Сергеевич, я из Армении , եւ մեկնեցի ձեռքս՝ բարեւելու: Ու զարմանալի բան՝ Գորբաչովը մի տեսակ ծերացավ նստած տեղում եւ երկար ժամանակ իմ մեկնած ձեռքը չէր վերցնում: Հետո կարծես թե հասկացավ, որ ես անվնաս մարդ եմ ու ոտքի կանգնելով՝ սեղմեց ձեռքս: Եվ ես անմիջապես էլ հասկացա, որ սխալ եմ թույլ տվել, քանզի երկրի նախագահին մոտենալուց առաջ նախագահը պիտի իմանար այդ մասին: Եվ ես իմ սխալից շփոթվելով՝ ձեռքս դրեցի Գորբաչովի ուսին եւ ասացի՝Садитесь, Михаил Сергеевич , եւ զարմանալին այն էր, որ նա հնազանդորեն նստեց: Եվ ես իմ գրպանից հանելով «Գարուն» ամսագրի անունով գրիչը՝ ուզեցի նվիրեմ նրան, բայց նա երկար ժամանակ գրիչը չէր վերցնում: Եվ ես հասկացա, որ դարձյալ սխալ եմ թույլ տվել, երեւի նրան թվում էր, թե գրիչը պայթուցիկ է: Ու ես հասկանալով իմ անհեթեթ վիճակը՝ մի քանի անգամ սեղմեցի գրիչը ու մեկնեցի իրեն: Եվ նա վերցրեց: Ասացի՝ Միխայիլ Սերգեեւիչ, я дарю вам эту ручку, чтобы вы подписали им самоопределение Нагорного Карабаха. Եվ զարմանալիորեն նա հումորով ինձ պատասխանեց, ասելով՝ как раз ручки не хватало.
Ու երբ վերադարձա իմ տեղը, իմ ընկերները ասացին՝ ի՞նչ արեցիր դու, չե՞ս հասկանում, որ քեզ կարող էին գնդակահարել, որովհետեւ բոլոր թիկնապահները զենքերը պատրաստ, սպասում էին: Տեր Աստված, ինչ հրաշք էր, որ ծոցիս գրպանից չհանեցի գրիչս, եթե ոչ՝ չիմաստավորված ազգային հերոս էի դառնալու:
Եվ հիմա ես իմ ընտանիքի եւ իմ մտերիմների չկայացած ազգային հերոսն եմ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ