Կոտայքի մարզպետը հերքում է մարդկանց վախեցնելու մասին լուրերը
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում մրցակիցները միմյանց հասցեին տարաբնույթ լուրեր են տարածում, մասնավորապես՝ նշվում է, որ գործող քաղաքապետի օգտին է աշխատում մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ իբր մարդկանց է վախեցնում, ստիպում, որ ընտրեն ոչ թե Սասուն Միքայելյանին, այլ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանին:
Երեկ «Առավոտը» Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին ուղղակիորեն հարցրեց՝ իրո՞ք ինքը միջամտում է ընտրությունների ընթացքին եւ մարդկանց շրջանում քարոզում հօգուտ Արամ Դանիելյանի: Պարոն Շահգալդյանը ի պատասխան՝ ասաց. «Դրանք վերացական խոսքեր են ընդամենը եւ փրփուրից կառչելու փորձեր են, մենք աշխատում ենք ամբողջովին օրենքի շրջանակում, նշեմ՝ մարզպետարանում կան մարդիկ, որոնք իրոք պետք է աշխատեն այս նախընտրական փուլում, օրինակ՝ Արամ Դանիելյանի շտաբի պետը մարզպետի տեղակալն է եւ մեր կուսակցության քաղաքային խորհրդի նախագահի տեղակալն է, եւ նա այս օրերին արձակուրդ է վերցրել, ինչպես նաեւ մարզպետարանի մի քանի այլ աշխատողներ, որպեսզի զբաղվեն այդ գործով: Միայն այս դեպքում եմ ես նրանց իրավունք տվել մասնակցել ընտրարշավին: Ասում են՝ լծակներ են օգտագործվում, թող ակնհայտ ասեն, թե ո՞ր լծակներն են օգտագործվում»:
Նկատեցինք՝ ասվում է, որ մարդկանց վախեցնում են եւ ստիպում, որ ընտրությունը կատարեն այնպես, ինչպես մարզպետը կասի: Կովալենկո Շահգալդյանը ժխտեց այս լուրերը եւս. «Այդպես խոսողները թող գտնեն թեկուզ մեկ-երկու մարդու, որոնք կասեն, թե իրենց վախեցրել են կամ ինչ-որ բան են ստիպել. բոլորը գիտեն, որ դա իմ ոճը չէ, իսկ թե ում ոճն է՝ մարդիկ շատ լավ են հիշում, ում հիշողությունը կարճ չի, գիտեն, որ նախկինում իրենց արածները փորձում են ինձ վերագրել, բայց չի հաջողվում: Չեմ թաքցնում, ես բացահայտ ասել եմ, որ որպես ՀՀԿ տարածքային խորհրդի նախագահ, որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ իմ հնարավորությունները օգտագործելու եմ, աջակցելու եմ քաղաքապետի մեր թեկնածուին: Սա բնական է, ինքս էլ աշխատանքից հետո մասնակցում եմ, մարդիկ եմ ընդունում, խնդրում եմ, բացատրում եմ, հասկացնում եմ, սովորական քաղաքակիրթ եղանակով: Պարզապես զարմանալի կլիներ, եթե ես չաջակցեի մեր թեկնածուին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրվի մեր թեկնածուն, քանի որ մարդիկ հավատում եւ վստահում են մեզ»:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ