Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի բանավեճը իշխանության քվոտաների շուրջ է

Փետրվար 03,2012 13:06

Ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը

– Այս օրերին, ուզենք թե չուզենք, ներքաղաքական համատեքստում քննարկման թիվ մեկ թեման շարունակում են մնալ ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունները: Ինչպե՞ս է դրան վերաբերվում «Ազատ դեմոկրատները»:

– Իշխանական դաշտում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունները, մեծ հաշվով հասարակության, ընտրողի հետ որեւէ կապ չունեն, որովհետեւ խոսքը մի իշխանության մասին է, որը հինգ տարի առաջ խորհրդարանական եւ 2008թ. նախագահական կեղծված ընտրություններով դարձել է իշխանություն եւ այսօր իրար մեջ ընդամենը փորձում է բաշխել կամ վերաբաշխել, քիչ ու շատ անել իշխանության իր մասնաբաժինը՝ քվոտաները, ինչը, ըստ էության, կապ չունի ո՛չ երկրի վիճակի, ո՛չ էլ քաղաքացու խնդիրների հետ: Ընտրություններին մնացել է ընդամենը 3 ամիս, բայց քաղաքական օրակարգ, որպես այդպիսին, ձեւավորված չէ: Ոչ մեկը չի խոսում պետության առջեւ ծառացած մարտահրավերների մասին, այն մասին, թե ուր է գնալու Հայաստանը: Ի վերջո՝ խորհրդարան է ձեւավորվում, որը պետք է լինի այն մարմինը, որը բոլոր այդ հարցերին պիտի պատասխանի: Այդ իմաստով մեզ՝ որպես քաղաքական ուժի, այդ հարցը շատ քիչ է հետաքրքրում: Գուցե նաեւ ինչ-որ չափով ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, որի մասին այսքան խոսվում է, ուռճացված են: Դա իշխանությանը հիմա պետք է այն իմաստով, որ նա ասելիք չունի իր ընտրողին, հասարակությանը, ու որքան երկար տեւեն այս «հակասություններն» ու դրա մասին քննարկումները՝ այնքան իշխանության համար լավ, որովհետեւ այդ դեպքում ինքը ավելի քիչ ժամանակ կունենա խոստումներ տալու եւ ավելի լուրջ բաների մասին խոսելու, որին նա ի վիճակի չի լինելու:

– Բայց այսօր դեռեւս նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, եւ Ձեր մատնանշած թեմաներով հանդես գալու համար դեռ վաղ է:

– Իմ ասածն այնքան ֆորմալ ժամկետներին չի վերաբերում, որքան քաղաքական օրակարգի բովանդակությանը, որը պարտադիր չէ, որ ձեւակերպվի հե՛նց որպես նախընտրական ծրագիր, մեսիջ կամ խոստում: Այսօր տպավորությունն այն է, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրենց ամբողջ ռեսուրսը ուղղում են միայն փոխադարձ հարաբերություններ պարզելուն:

Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքական դաշտին, նաեւ՝ ընդդիմությանը, ապա անկախ այն բանից, որ այսօր ընդդիմության ներսում էլ չկա այն համախմբումը, որի մասին այդքան ասվում է, եւ անկախ այն բանից, որ ընդդիմության մեջ էլ կան տարակարծություններ՝ այնուամենայնիվ, կարծում եմ, որ իշխանությունների համեմատ ընդդիմադիր դաշտը մի սանդղակ ավելի բարձր մակարդակի վրա է, քան անգամ նախորդ ընտրությունների ժամանակ էր:

– Ի՞նչ իմաստով:

– Այն իմաստով, որ ընդդիմադիր ուժերին հաջողվել է համախմբվել որոշակի խնդրի շուրջ: Նա առաջադրում է թիրախային խնդիրներ եւ ընդհանուր շահ է ձեւակերպել, ու ֆորմալ առումով բոլորը միասնական դիրքորոշում են արտահայտում առնվազն մեկ-երկու խնդիրների շուրջ, եւ արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերը այդ կարեւորագույն հարցերում դուրս են գալիս իշխանության դեմ: Խոսքը միայն ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ համերաշխության մասին չէ, որն, ըստ իս, ավելի շատ կոնցեպտի հարց է: Քիչ հավանական է, որ այդ հարցում իշխանությունը կգնա ինքնավնասման ճանապարհով եւ համամասնականի առաջարկը կընդունի, բայց դա բոլոր դեպքերում ընդդիմադիր ուժերին միավորող գործոն է:

Ես նկատի ունեմ նաեւ ընտրությունների օրինականության հետ կապված հարցի շուրջ համաձայնությունը, որն առկա է ընդդիմադիր դաշտում: Շատ լավ է, որ կա այդպիսի համախմբում խաղի կանոններ սահմանելու շուրջ, որի պարագայում ենթադրվում է նաեւ քաղաքական առողջ մրցակցություն:

– Իսկ չե՞ք կարծում, որ այդպիսի քաղաքական մրցակցություն կա նաեւ իշխանական դաշտում, եւ ԲՀԿ-ՀՀԿ ոչ հարթ հարաբերությունները հենց այդ ռեալ մրցակցության արդյունքն են:

– Ռեալ մրցակցություն կա, բայց այդ մրցակցությունը չի ընթանում հասարակությանը, ընտրողին սպասարկելու, նրա շահերի շուրջ: Սա ինքնատիպ մրցակցություն է, որը երբեմն նույնիսկ մրցակցային կանոնների տրամաբանությունից դուրս է՝ իր բացասական դրսեւորումներով: Այդ մրցակցությունը մեկ նպատակ ունի՝ իշխանության մեջ սեփական մասնաբաժինը ֆիքսել: Այս եւ այն մրցակցությունը, որի մասին ես խոսում էի, արմատապես իրարից տարբեր են:

– Բայց արդյոք ԲՀԿ-ՀՀԿ հակասությունները քաղաքական դաշտում նոր հարաբերակցություն ստեղծելու եւ եղանակ փոխելու առումով կարեւոր կամ ուշագրավ չե՞ն: ՀԱԿ-ում, օրինակ, հույս ունեն, որ ԲՀԿ-ն այս հակասությունների արդյունքում կարող է համալրել ընդդիմադիր դաշտը:

– Դա ինչ-որ եղանակ կարող է փոխել, բայց դրանք կլինեն կոնյունկտուրային փոփոխություններ եւ ոչ թե քաղաքական եւ առավել եւս՝ գաղափարական: Եթե որեւէ ուժ իշխանությանն ընդդիմանում է միայն այն պատճառով, որ չի կարողանում իշխանության ավելի դոմինանտ թեւի հետ համաձայնության գալ իշխանությունը հավասար կիսելու հարցում, չեմ կարծում, թե դա այն ընդդիմությունն է, որի մասին խոսում ենք: Ընտրողի վրա, իհարկե, դա կարող է ազդեցություն գործել: Բայց գուցե դա հենց իշխանությա՞ն հաշվարկների մեջ է մտնում, որովհետեւ չի կարելի բացառել, որ այդ հակասությունը որոշակի նախընտրական տեխնոլոգիայի արդյունք է՝ դժգոհ ընտրազանգվածին տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ ԲՀԿ-ի միջոցով, դեպի իշխանությունը հակելը: Գուցե դա սխալ վարկած է, բայց ես նկատի ունեմ այն, որ եթե վաղը ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, դա չի լինի այն ընդդիմությունը, որին ընդունված է ընդդիմություն անվանել: Կրկնում եմ՝ ԲՀԿ-ն արդեն 5 տարի իշխանության կրողն է եւ պատասխանատու է նաեւ այդ իշխանության գործունեության համար:

– Կարծում եք՝ բանը կհասնի՞ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտում տեսնելուն, կամ ՀՀԿ-ին կհաջողվի՞ այս անգամ էլ «կուլ տալ» ԲՀԿ-ին:

– Իրենք (ՀՀԿ-ն) կարծում են, որ կհաջողվի: Նաեւ որոշակի ինքնավստահություն զգացվում է: Չեմ կարող այս պահին գնահատել դրա հավանականությունը, առավել եւս, որ ԲՀԿ-ում էլ հստակություն չկա. մի կողմից՝ նա իշխանության մեջ է, մյուս կողմից՝ ընդդիմության որոշակի առաջարկների վերաբերյալ դրական դիրքորոշում է արտահայտում, ԲՀԿ անդամներից մեկը մի բան է ասում, մյուսը՝ հակառակը: Այդ փոխհարաբերությունները դեռ իշխանության ներսում էլ, ԲՀԿ-ում էլ, կարծում եմ, հստակեցված չեն: Բայց ես չեմ տեսնում այն նախադրյալը, խոսքը կոնյունկտուրայի մասին չէ, որ ԲՀԿ-ն հայտնվի ընդդիմադիր դաշտում, որովհետեւ իր բովանդակությամբ նա գերթե չի տարբերվում իշխանության մյուս հատվածից:

– Այնուամենայնիվ, ընդդիմությանը ձեռնտո՞ւ է ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը կամ դրա պատրանքը: Այս հարցի առնչությամբ ընդդիմադիր դաշտում երկու կարծիք կա. այո՝ ձեռնտու է, որովհետեւ դա ու թեկուզ դրա պատրանքը կազդի այդ կուսակցությունների շարքերի վրա, եւ արդյունքում կթուլանա Սերժ Սարգսյանի իշխանությունը, եւ՝ ոչ, որովհետեւ այդ դեպքում ԲՀԿ-ն հասարակությանը կներկայանա որպես ընդդիմադիր եւ ձայներ կխլի հենց ընդդիմադիր ուժերից: Դուք ի՞նչ եք կարծում:

– Այո, այդպիսի տեսակետներ կան: Կա նաեւ տեսակետ, որն արտահայտել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ ասելով, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի նման «խաղիկներ է տալիս»: Այս վիճակը ընդդիմությանը կարող է ձեռնտու լինել այնքանով, որ եթե երկու ուժերը ֆորմալ առումով համաձայնության հանգեն, մեծ է հավանականությունը, որ նրանց միջեւ քվոտաները բաշխվելու են պայմանավորվածության արդյունքում: Եթե համաձայնության չհանգեն, ապա մեծ է հավանականությունը, որ ԲՀԿ-ն փորձի հավակնել ընդդիմադիր ընտրազանգվածի քվեին, թեեւ պետք չէ այդ իմաստով գերագնահատել այն ուժի հնարավորությունները, որը տարիներ շարունակ իշխանության մաս է կազմել եւ միայն վերջին երկու ամսվա ընթացքում է, որ ընդդիմադիր է ձեւանում: Այդ իմաստով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կորզելու ԲՀԿ-ի հավակնությունը կարող է մեծ լինել, բայց, կարծում եմ, նա չի ստանա այն, ինչ ընդդիմադիրի դերում հանդես գալով կարող է ակնկալել:

Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829