Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ցուցակում չլինեմ` չեմ նեղանա»

Փետրվար 03,2012 12:59

ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանն էլ է հրաժարվում ՀԱԿ-ի ընտրացուցակի իր «անցողիկ» տեղից

– Պարոն Հարությունյան, ՀԺԿ-ում հստակեցված մոտեցում կա՞, կուսակցությունը ՀԱԿ-ի ընտրացուցակի կազմավորման ո՞ր սկզբունքին է կողմ: Ճի՞շտ եք համարում, որ ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցնեն կուսակցության, հասարակական-քաղաքական նախաձեռնությունների ղեկավարները, երբ նրանցից ոմանց մարդիկ չեն էլ ճանաչում, ավելին՝ նրանք առանձնապես գործունեություն չեն էլ ծավալել: Մինչդեռ Կոնգրեսում կան կարկառուն անհատականություններ, ովքեր վայելում են հասարակության մի հատվածի համակրանքը:

– Կուսակցությունների, հասարակական-քաղաքական նախաձեռնությունների բոլոր ղեկավարներն էլ ընդգրկվելու են ՀԱԿ-ի համամասնական ցուցակում: Դա քննարկման ենթակա հարց չէ: Այդ մարդիկ իրավունք ունեն ընդգրկվելու: Բայց, բնականաբար, ցուցակը պետք է գլխավորեն այնպիսի մարդիկ, ովքեր հասարակության կողմից ճանաչված են, հասարակության կողմից ընկալելի են եւ այս ժամանակաշրջանում վաստակել են այդ իրավունքը: Ինչ մնում է «անցողիկ» կոչվածին՝ 90 տեղն էլ անցողիկ են: Այդ թեման փակեք, ոչ ոք չի կարող այսօր ասել, թե ժողովուրդը քանի մանդատ կհատկացնի ՀԱԿ-ին, կամ իշխանությունն ինչքան կկեղծի:

Կուսակցությունում մենք դեռ չենք քննարկել ընտրացուցակի ձեւավորման սկզբունքը, բայց, ըստ իս, պետք է ամեն դեպքում ցուցակի առաջնային տեղերում լինեն մարդիկ, ովքեր ճանաչված են, հարգանք են վայելում հասարակության շրջանում եւ վաստակել են այդ իրավունքը:

– Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են այդ մարդիկ: Կարո՞ղ եք անուններ հրապարակել:

– Ինչո՞ւ ոչ: Լիքը: Բայց հիմա, որ ես անուններ հրապարակեմ, կստացվի, որ ձեզ ցուցակ եմ թելադրում: Այդ մարդիկ այս ամբողջ ժամանակաշրջանում ձեր աչքի առաջ են եղել, պայքարել են, ներդրում ունեն: Իսկ նման մարդիկ շատ են՝ եւ մեր կուսակցության մեջ, եւ մյուսներում:

– ՀԺԿ-ից ո՞ւմ եք տեսնում ՀԱԿ-ի համամասնական ցուցակում:

– ՀԺԿ-ի ցուցակը մենք չենք քննարկել, բայց մեր քաղխորհուրդն ամբողջությամբ կարող է լինել:

– Ստեփան Մինասյանն օրերս հայտարարել էր, որ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տեղում Տեր-Պետրոսյանին է տեսնում, երկրորդում՝ Ստեփան Դեմիրճյանին. դա բուռն քննարկումների տեղիք տվեց: Մասնավորաբար, ասում են, որ ՀԱԿ-ի՝ նախորդ օրը կայացած քաղխորհրդի նիստում քննարկման առարկա է դարձել այդ «ինքնագլուխ» հայտարարությունը, որը այդքան էլ դուր չի եկել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամներին:

– Նորմալ է: Բա ի՞նչ ասեր, ո՞նց եք պատկերացնում: Նմանատիպ ցուցակ եղել է Երեւանի ավագանու ընտրություններում:

Ես չգիտեմ՝ ով եւ որտեղ ինչ է ասել, բայց նման քննարկում չի եղել:

– Շա՞տ կարեւոր եք համարում այս պատմությունները, թե ով ցուցակի որ հորիզոնականում կլինի: Սա՞ է այսօրվա թիվ մեկ խնդիրը:

– Ոչ, դա նպատակ չէ: Կոնկրետ ինձ համար միեւնույն է՝ ցուցակում կլինեմ, թե ոչ: Լինեմ էլ՝ պայքարելու եմ, չլինեմ էլ՝ պայքարելու եմ: Ինձ համար պատգամավոր լինելն էլ գերխնդիր չէ: Ես մեծ ուրախությամբ ցանկացած մեկին կզիջեմ, եթե ինչ-որ բան լինի:

Խորհրդարանական ընտրություններից առաջ նման աժիոտաժ լինում է, բայց կգա ժամանակը, եւ կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ հարթ անցնում: Սա ես համարում եմ արհեստական աժիոտաժ:

– Այսինքն՝ եթե այնպես ստացվի, որ Դուք ՀԱԿ-ի համամասնական ցուցակում չընդգրկվեք, չե՞ք նեղանա:

– Ոչ, բացարձակապես: Ազնվությամբ եմ ասում՝ ոչ: Իհարկե, ես ցուցակում ընդգրկված կլինեմ, բայց ինձ համար բացարձակապես հարց չէ, թե որ համարը կլինեմ, թեկուզ՝ միջնամասում կամ 127-րդ տեղում:

– Իսկ ո՞ր հարցն է, ըստ Ձեզ, հիմա առաջնային:

– Որ երկրում ազատ ու արդար ընտրություններ լինեն:

Մի առիթով ես այդ օրինակը բերել եմ, հիմա նորից ուզում եմ կրկնել՝ ուսումնասիրեք, խնդրում եմ, Հայաստանում, հատկապես Երեւանում, ինչքան օտար լեզու ուսուցանող, ուսումնասիրող կազմակերպություններ կան եւ ովքեր են սովորողները՝ բժիշկներ, ծրագրավորողներ ու այլ մասնագետներ՝ մարդիկ, ովքեր մեր հասարակությանն այսօր պետք են, բայց նրանք սովորում են, որպեսզի երկրից դուրս գան, փախչեն: Թե չէ՝ պատգամավոր կլինեմ-չեմ լինի… 13 տարի ես պատգամավոր եղել եմ: Ինձ նման մարդու համար պատգամավոր լինելը տանջալից աշխատանք է:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829