Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորահայտ «ֆիլոսներ»

Փետրվար 03,2012 12:56

Մոտ 340 տարի առաջ Մոլյերը գրել էր իր «Քաղքենին ազնվական» կատակերգությունը: Զավեշտալի իրավիճակների հիմքն այն էր, որ 17-րդ դարում, շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, ի հայտ եկան բազմաթիվ հարուստ մարդիկ, որոնք ունեցվածքով չէին զիջում, իսկ երբեմն նաեւ գերազանցում էին ազնվականներին, բայց իրենց մտավոր եւ մշակութային որակներով ոչ մի կերպ չէին համապատասխանում բարձր խավի չափանիշներին: Թվում է, թե այդ նորահայտ մեծահարուստները կարող են ապրել նաեւ առանց նման հավակնությունների: Բայց նրանք, ովքեր այդպես են մտածում, լավ չգիտեն մարդկային էությունը: Մարդը սովորաբար չի կարող սահմանափակվել իր ունեցած պալատներով եւ ոսկիներով, նա ցանկանում է ձեռք բերել, փողով գնել նաեւ «պատիվ-հարգանքը», որպեսզի նրան համարեն ոչ միայն հարուստ եւ բարեգործ, այլեւ կրթված, արդարամիտ եւ նույնիսկ իմաստասեր: Կամ, ինչպես կասեր աշխարհի հայերի առաջնորդ Արա Աբրահամյանը՝ «ֆիլոս»: Թվում է, թե ինչ է եղել՝ նստիր քո Մոսկվայում, վայելիր քո միլիոնները, եթե մտքովդ անցնում է՝ բարեգործություն արա, բայց ոչ՝ այդ գործարարն ուզում է նաեւ «ֆիլոս» լինել, տիեզերքի խնդիրների մասին գրքեր է գրում: Եթե մեկը հարցնի, թե ինչ է գրված այդ գրքերում, նա դժվար թե որեւէ լեզվով կարողանա դրանց բովանդակությունը վերաշարադրել: Իրեն պարզապես պետք է, որ գրքի վրա գրվի նրա անունը՝ դա շոյում է մեծահարուստի ինքնասիրությունը:

Պատգամավոր դառնալը եւ ընդհանրապես «քաղաքականությամբ» զբաղվելը մեր օլիգարխների համար նույնպես այդ երանգն ունի: Իհարկե, այստեղ կա նաեւ պրագմատիկ բաղադրիչը՝ պատգամավորական մանդատը նպաստում է նրանց բիզնեսի ստվերայնությանը: Բայց կա նաեւ «պատիվ-հարգանքի» պահանջը՝ պատգամավոր լինելը նրանց համար ինչ-որ «էլիտար» բան է, «գոլդ» համարի կամ Հյուսիսային պողոտայի անիմաստ բնակարանի նման:

Մեր պաշտոնյաները, բնականաբար, նույն մեծահարուստներն են՝ պաշտոնը, ինչպես հայտնի է, հարստության աղբյուր է: Եվ որքան նրանց վարկը եւ իմիջը անհամատեղելի են մտավորականի մասին պատկերացումների հետ, այնքան շատ են նրանք ձգտում ներկայանալ որպես մտավորական: Մի քանի տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դարձրել են ինչ-որ ակադեմիայի ակադեմիկոս: Հիմա էլ նա իր պատրաստակամությունն է հայտնում գնել Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը՝ հավանաբար, քաղաքապետի աշխատավարձի իր «հետ քցած» փողերով: Եթե Վարդանիկն է այդ տունը գնելու, ապա, կներեք՝ այդ տունն անձամբ ինձ պետք չէ:

Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է խորանալ գիտության մեջ: Ըստ երեւույթին, նա չի պատկերացնում հայ պատմագիտության հետագա զարգացումը առանց իր հզոր մտքի եւ բազմակողմանի գիտելիքների: Զուգահեռաբար փորձում է նաեւ փոքր-ինչ «սպիտակեցնել» իր իմիջը:

…Կոտայքի մարզպետ Կովալը, որքան գիտեմ, գիտական ոչ մի աստիճան չունի: Որպես այդ մարզի բնակիչ՝ ես պատրաստ եմ միանգամայն անշահախնդիր ձեւով օգնել նրան, որ նա թեկնածուական թեզ պաշտպանի երաժշտագիտությունից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829