Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուլբենկյան» հիմնադրամը հովանավորեց Կապանի տիկնիկային թատրոնին

Փետրվար 03,2012 12:43

Մերին ու Արմինեն արդեն 2 ամիս է հաճախում են տիկնիկավարության դասընթացների ընկեր Գրիշայի մոտ: Իրենց հաշմանդամության մասին այստեղ գրեթե չեն հիշում, լիարժեք մարդ են զգում եւ մեծ սիրով՝ ուսումնասիրում տիկնիկավարության վարպետության գաղտնիքները:

Իրենց մասնագիտությունների հետ որեւէ կապ չունի տիկնիկավարությունը. Մերին տնտեսագետ է, Արմինեն` դիզայներ: Աշխատանք չեն գտել, այստեղ հրավիրելու առաջակն էլ նրանց շատ է ուրախացրել: Սկզբից մտորում էին, դժվարանում որոշում կայացնել, բայց հիմա համոզված են, որ չեն սխալվել, եւ այլ աշխատանքների հետ չեն փոխի ներկայիս աշխատանքը:

Հաշմանդամներին տիկնիկային թատրոնում ընդգրկելը «Տիկնիկ» հ/կ նախագահ Գրիշա Մարգարյաննինն է: Նա այդ գաղափարը դեռեւս անցած տարվանից է փորձել կյանքի կոչել, բայց հաշմանդամների համար ներկայացված ծրագրին ոչ մեկը չի օժանդակել, տարբեր պաշտոնյաների ու կազմակերպությունների է դիմել` այդ թվում նաեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությանը, բայց մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացել:

Զբաղվածության պետական ծառայություն, գործակալության Կապանի զբաղվածության մարզային կենտրոն է դիմել, առաջարկելով տիկնիկավարության դասեր անցկացնել: «Ծրագիր գրեցինք ներկայացրինք սոցնախարարություն, գաղափարը դուր եկավ: 2-ամսյա համապատասխան ծրագրով 8 գործազուրկներ, որոնցից 5-ը հատուկ կարիքավոր հաշմանդամներ են, ժամանակավոր զբաղվածությամբ ապահովվեցին ու կրթաթոշակ ստացան` 16 հազար դրամ: Բայց ծրագիրը հունվարի 28-ին վերջացավ, իսկ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ պետք է նրանցից 4-ին աշխատանքի վերցնենք: Այժմ մեր հիմնական խնդիրը հովանավոր գտնելն է, որպեսզի հովանավորեն եւ նրանց կարողանանք աշխատանքով ապահովենք: Դժվարություններ լինում են սովորեցնելիս, բայց կարեւորն իրենք այստեղ լավ են զգում», – մեր զրույցում ասում Է Գրիշա Մարգարյանը:

Տիկնիկային թատրոնի վերջին` «Կանաչ Կապան» բնապահպանական ուղղվածություն ունեցող բեմադրությունը սոցիական ցանցերում տեղադրելուց հետո մեծ արձագանք է գտել, այն նույնիսկ դիտել են Անգլիայում: Պարոն Մարգարյանի խոսքով դրսից՝ «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից առաջարկ եղավ իրենց հետ աշխատելու: Հիմնադրամը հավանեց ներկայացված ծրագիրը եւ ֆինասավորեց, որի շրջանակներում 18 երեխաներից բաղկացած տիկնիկային թատրոնի խումբը ներկայացումներով հանդես կգա մարզի տարբեր վայրերում:

Առաջարկ եղավ, որ «Կանաչ Կապան» բեմադրության հիման վրա՝ փորձի փոխանակման ծրագրով, երեխաներից բաղկացած թատրոնը լինի Եվրոպայում, Ռուսաստանում, Հայաստանի մարզերում եւ Արցախում, բայց առայժմ տիկնիկային թատրոնի պատասխանատուները մտադիր են 2 խոշոր ներկայացումները՝ մեկ ընդհանուր բեմադրությամբ, ներկայացնել Սյունիքի մարզի քաղաքներում:

«15 հազար դոլարի ֆինանսավորում եղավ «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից: Որոշել ենք «Փոքրիկ քաղաքացի» եւ «Շրջակա միջավայրի պահպանություն» երկու ներկայացումները միավորել մեկ մեծ բեմադրության մեջ եւ անվանել «Ասպետների մենամարտը», որտեղ ներկայացվում է սեւ ու սպիտակ ասպետների հակադրությունը, բարու եւ չարի համեմատությունը, մշտական պայքարը, եւ վերջում բացատրում ենք, որ ինչքան կերպարներ եք տեսնում, դրանք բոլորը մի երեխայի մեջ են: Խաչվում են անձնական եւ պետական շահերը: Պիեսի մեջ ներառված են լինելու բնապահպանական խնդիրները»,- հավելում է զրուցակիցս եւ ցավով նշում, որ իրենց մարզում շարունակում են անտեսել ու չնկատելու տալ, միայն դրսից են գնահատում փոքրիկների աշխատանքը եւ ձեռք մեկնում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829