Երբ Քոչարյանն ու իր թայֆան Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու մի մասը ոչնչացրին «Գոլդեն Փելիս» հյուրանոց կառուցելու համար, դա բացատրվեց հայրենասիրական մոտիվներով. իբր զարգացնում են երկրի տնտեսությունը, խթանում են զբոսաշրջությունը: Հիմա էլ ինչ-որ մարդիկ աչք են դրել «Հաղթանակ» զբոսայգու մեկ ուրիշ հատվածի վրա, ուզում են նորից քանդել կանաչ տարածքը` հերթական հիմար շինությունը կառուցելու համար, ու դա նույնպես բացատրվում է հայրենասիրական մղումներով: Վիձիծե լի, ազգիս մեծերը ուզում են փրկել հայ ժողովրդի հերթական սեփականությունը` աստվածաշնչյան Նոյին, նրա տապանը կառուցել «Հաղթանակ» զբոսայգում, որ թուրքերը Նոյին սեփականել չկարողանան:
Այստեղ է ահա, որ մի քանի հարցեր են առաջանում: Իսկ ինչու՞ է հարկավոր այդ կառույցը ստեղծել «Հաղթանակ» զբոսայգում, հերթական կանաչ գոտին ոչնչացնելով: Եթե այդքան կարեւոր է այդ տարածքում «Նոյան տապան» կառուցելը, խնդիր չկա: Հանրային գերակա շահ ճանաչեք դա, եւ «Հաղթանակ» զբոսայգու մերձակայքում տներ կառուցած չինովնիկների, գեներալների եւ այսօրինակ մյուս տարրերի տները ձեռներից առեք, նրանց սպեցնազով դուրս արեք տարածքից, ինչպես Բուզանդի փողոցի բնակիչներին դուրս արիք, ու տեղը կառուցեք ազգային ինքնության հերթական մոնոլիտը: Կամ թեկուզ` «Գոլդեն Փելիս» հյուրանոցը. ինչու՞ դրա նկատմամբ հանրային գերակա շահ չկիրառել: Բռնենք քանդենք այդ հյուրանոցը ու դրա տեղում կառուցենք Նոյի տապանը, կուզեք թեկուզ` Արգիշտի արքայի հարեմը: Էդ ո՞վ է ասել, որ ազգային արժեքները պետք է պաշտպանվեն հանրությանը, ժողովրդին պատկանող տարածքների հաշվին, եւ ազգային արժեքների համար մղվող պայքարի համար օլիգարխներն ու ավազակները պետք է միշտ արժեքավոր սեփականություն ձեռք գցեն: