Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ այդ տապանը կառուցելու համար շատ շուտ է, որովհետեւ պետությունը դեռ շատ խնդիրներ ունի լուծելու. «Մարդիկ վագոնների մեջ են ապրում, հացի փող չունեն, լսեք, հիմա դրա ժամանակը չէ, մենք էնքան պրոբլեմներ ունենք հիմա, էդքան մեծ գումարներ ծախսել ինչի՞ համար, որ մի հատ ամերիկացի գա–տեսնի, որ Նոյը Արարատի փեշերի՞ն է նստել։ Դրա ժամանակը չէ, այսօր դա մեզ պետք չէ»։ Այստեղ Մերուժան Տեր-Գուլանյանը խոսքի իրավունք վերցրեց եւ շտապեց հակադարձել Միրզոյանին. «Այն, որ դժվար ենք ապրում, բոլորս գիտենք, պետական փողերով այն չի կառուցվելու, պետությունը միայն իր չափորոշիչները պետք Է նշանակի, այսինքն՝ ինչպիսին պետք է լինի այդ տարածքը, եւ ինչ Է լինելու այնտեղ, մնացածը մասնավոր ներդրողի խնդիրն Է, իսկ մասնավոր ներդրողները, միեւնույն Է՝ ոչ հիվանդանոց կկառուցեն, ոչ ճանապարհ, այնպես որ մեկը մյուսի հետ կապ չունի»։ Սունդուկյան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն Էլ կարեւորեց այն փաստը, թե ի՞նչ երաշխիք կա, որ մասնավոր ներդրողը տապանը կառուցելուց հետո այն ոչ թե գիտակրթական համալիր կդարձնի, այլ իր հայեցողությամբ որեւէ այլ բանի չի վերածի, բայց Տեր-Գուլանյանը շտապեց ներկաներին հանգստացնել, որ տապանը քյաբաբ ուտելու տեղ չի դառնալու:
… Հայրենասիրական հրապարակախոսական տրամադրությունները շարունակեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, ով նշեց, որ հենց միայն ժայռին նայելով, որտեղ Նոյյան տապանն է կառուցվելու, մարդու մոտ ցեղի հետ կապված նժդեհական գաղափարներ են առաջ գալու, ինչին Հանրային խորհրդի անդամներից մեկը կես կատակ-կես լուրջ հավելեց, թե Նոյին Էլ ցեղակրոն սարքեցին, ուրեմն Հանրապետականը տապանը կկառուցի։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»