Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 2-ին, ժամը 23.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցում ուժեղ ծուխ է առաջացել, կան կասկածներ, որ հնարավոր է նաև տեղի ունենա հրդեհ։
«Շիրակ» հյուրանոց էին ժամանել ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Հրշեջները դեպքի վայր են ժամանել 3 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք տեխնիկայով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 1 ժամից ավելին հրշեջները հետախուզական աշխատանքներ էին կատարում հյուրանոցի ներսում՝ պարզելու համար կրակի օջախի վայրը։ Վերջապես նրանց հաջողվեց հայտնաբերել, որ ծուխն առաջացել է 3-րդ հարկում գտնվող հյուրանոցի կառավարչի սենյակից առաջացած կրակից։ Այն ամբողջովին մարվեց և մեկուսացվեց:
Ըստ դեպքի վայրում հավաքված հրշեջների՝ այրվել է մոտ 30 քմ տարածք։
Կարդացեք նաև
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվեց Երևանի ՃՈ աշխատակիցների կողմից։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։