Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի բանավեճը իշխանության մասնաբաժնի շուրջ է

Փետրվար 03,2012 00:04

«Իշխանական դաշտում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ ԲՀԿՀՀԿ փոխհարաբերությունները, մեծ հաշվով հասարակության, ընտրողի հետ որեւէ կապ չունեն, որովհետեւ խոսքը մի իշխանության մասին է, որը 5 տարի առաջ խորհրդարանական եւ 2008թ. նախագահական կեղծված ընտրություններով դարձել է իշխանություն եւ այսօր իրար մեջ ընդամենը փորձում է բաշխել կամ վերաբաշխել, քիչ ու շատ անել իշխանության իր մասնաբաժինը՝ քվոտաները, ինչը, ըստ էության, կապ չունի ո՛չ երկրի վիճակի, ո՛չ էլ քաղաքացու խնդիրների հետ: Ընտրություններին մնացել է ընդամենը 3 ամիս, բայց քաղաքական օրակարգ՝ որպես այդպիսին, ձեւավորված չէ: Ոչ մեկը չի խոսում պետության առջեւ ծառացած մարտահրավերների մասին, այն մասին թե ուր է գնալու Հայաստանը: Ի վերջո, խորհրդարան է ձեւավորվում, որը պետք է լինի այն մարմինը, որը բոլոր այդ հարցերին պիտի պատասխանի: Այդ իմաստով մեզ՝ որպես քաղաքական ուժի, այդ հարցը շատ քիչ է հետաքրքրում: Գուցե, նաեւ ինչոր չափով ՀՀԿԲՀԿ հակասությունները, որի մասին այսքան խոսվում է, ուռճացված են: Դա իշխանությանը հիմա պետք է այն իմաստով, որ նա ասելիք չունի իր ընտրողին, հասարակությանը, ու որքան երկար տեւեն այս «հակասություններն» ու դրա մասին քննարկումները՝ այնքան իշխանության համար լավ, որովհետեւ այդ դեպքում ինքը ավելի քիչ ժամանակ կունենա խոստումներ տալու եւ ավելի լուրջ բաների մասին խոսելու համար, որն անել նա ի վիճակի չի լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ, մեղմ ասած, ոչ հարթ փոխհարաբերություններին՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը՝ հավելելով, թե տպավորությունն այն է, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրենց ամբողջ ռեսուրսը ուղղում են միայն փոխադարձ հարաբերություններ պարզելուն:

«Ազատ դեմոկրատների» ներկայացուցչի դիտարկմամբ, ի տարբերություն ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի միջեւ քաղաքական առողջ մրցակցության, ԲՀԿ-ՀՀԿ մրցակցությունը չի ընթանում հասարակությանը, ընտրողին սպասարկելու, քաղաքացու շահերի շուրջ: «Սա ինքնատիպ մրցակցություն է, որը երբեմն նույնիսկ մրցակցային կանոնների տրամաբանությունից դուրս է իր բացասական դրսեւորումներով: Այդ մրցակցությունը մեկ նպատակ ունի՝ իշխանության մեջ սեփական մասնաբաժինը ֆիքսել»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Նա չբացառեց նաեւ, որ ՀՀԿ-ԲՀԿ հակասություններն իրականում կարող են միայն պատրանք լինել, ընտրական տեխնոլոգիա, որի նպատակը ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները իշխանության կողմից կորզելն է: «Հնչել է նաեւ այդպիսի տեսակետ, որն արտահայտել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ ասելով, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի նման «խաղիկներ է տալիս»: Բայց պետք չէ այդ իմաստով գերագնահատել այն ուժի հնարավորությունները, որը տարիներ շարունակ իշխանության մաս է կազմել եւ միայն վերջին երկու ամսվա ընթացքում է, որ փորձում է ընդդիմադիր ձեւանալ: Ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կորզելու ԲՀԿ-ի հավակնությունը կարող է մեծ լինել, բայց, կարծում եմ, նա չի ստանա այն, ինչ ընդդիմադիրի դերում հանդես գալով կարող է ակնկալել»,- հայտարարեց Գառնիկ Գեւորգյանը:

Այս եւ այլ հարցերի շուրջ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» տպագիր համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829