Աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստ, Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն եւ աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանն այսօր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, նախագահական խորհրդին եւ ԶԼՄ-ներին պաշտոնապես հայտարարել է, որ բացառվում է իր մասնակցությունը աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարին, եթե այն անցկացվի Ադրբեջանում: Տեղեկացնենք, որ հավակնորդների մրցաշարի կազմակերպման հայտ ներկայացրել են Ադրբեջանն ու Բուլղարիան:
Երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, թե Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մահիր Մամեդովը ադրբեջանական լրատվամիջոցներով անհաջող փորձ էր արել աշխարհին համոզել, որ Արոնյանի համար բոլոր անհրաժեշտ պայմաններն իրենք պատրաստ են ապահովել: Եթե անգամ աշխարհը չէ, մենք հո անձնական փորձով գիտենք, թե ադրբեջանական խոստումները որքն հեռու են իրականությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ