Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն գետը երկու անգամ չեն մտնի». Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀԱԿ-ի հետ դաշինքի մասին

Փետրվար 02,2012 14:43

«Սա ցավալի իրողություն է, որ Հայաստանում թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում ընդունված է ավտորիտար գործելաոճը. ինչ-որ մեկն իրեն հռչակում է միակ եւ ամենակարեւոր եւ բոլորին ասում է՝ դուք պետք է գաք ինձ մաս կազմեք: Հանրապետականը, լինելով ամենախոշոր կոալիցիայի մասը՝ մյուսներին պարտադրում է խաղի իր կանոնները: Կընդունեն, թե չէ՝ դա իրենց պրոբլեմն է, եւ ինձ այս պահին շատ քիչ է հետաքրքրում»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում հյուրընկալված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն Aravot.am-ի խնդրանքով այսպես մեկնաբանեց մի քանի օր առաջ կոալիցիոն 3 ուժերի հանդիպումը: Հարցին, թե այդ հանդիպումն ինչ փոխեց քաղաքական դաշտում՝ պարոն Արզումանյանը պատասխանեց, որ իշխանական դաշտում ներքին պայքարներն իրեն քիչ են հետաքրքրում. «Կա կոալիցիա, իրենք պատասխանատվություն են կրում Հայաստանում ողջ իրավիճակի համար, հիմա դիրքավորվել, ընթացքում դառնալ կիսաընդդիմադիր, ընդդիմադիր, իրար մեջ ինչ են որոշում՝ դա իրենց խնդիրն է»:

Նախկին արտգործնախարարը վստահ է, որ առաջիկա խորհրդարանը նախորդից լավն է լինելու, որովհետեւ «հիմա 131-ից 6-ն է ընդդիմադիր»: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն՝ ՀՅԴ-ին ընդդիմադիր չե՞ք համարում եւ պարոն Արզումանյանը պատասխանեց, որ անցյալ ընտրությունների արդյունքում կար 6 ընդդիմադիր եւ ՀՅԴ-ն հանդիսանում էր կոալիցիայի անդամ, իսկ այսօր՝ այս պահին այլ հարց է:

Այնուամենայնիվ, պարոն Արզումանյանն ասաց, որ դաշնակցության հետ հնարավոր չէ դաշինք կազմել եւ անհնար է, որ այդ երկու քաղաքական ուժերը մեկ միասնական ցուցակով հանդես գան, քանի որ իրենց գաղափարներով քաղաքական դաշտի երկու տարբեր ծայրերում են գտնվում:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ դաշինքին, ըստ Ալիկ Արզումանյանի՝ «Նույն գետը երկու անգամ չեն մտնի, դա ես չեմ ասել, չինացիք են ասել, չէ: Այս պահին չեմ կարծում նման բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829