Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահարուստը Ծառուկյանը չէ՞

Փետրվար 02,2012 13:27

Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ «Ինչը մեծ է եւ չաղ, միշտ չէ, որ դոմինանտ է»

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ տպավորություն են թողնում կուսակցությունների՝ արդեն սկսված նախընտրական դեգերումները, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը պատմական էքսկուրս անելով՝ հիշեց երկու հազար տարի առաջ Քրիստոսի եւ հարուստի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. «Քրիստոսը միակ ճանապարհն առաջարկեց՝ բաժանել ամեն ինչը եւ միանալ իրեն, որովհետեւ «խոստումն Աստծո արքայությունն» է»: Մեր օրերի համար Աշոտ Մանուչարյանը հետեւյալ եզրահանգումն է անում. «Այն ժամանակ մերժվեց նորմալ, մարդկային աշխարհը, եւ մենք արդեն երկու հազար տարի տառապանքների մեջ ենք: Հիմա նորից պնդում են, որ հարուստ մարդը կարեւոր բան է, եւ բոլորը պիտի ձգտեն հարստության»: Բնականաբար, ընդդիմանալով այդ պնդումներին՝ մեր զրուցակիցը հայտարարեց. «Ամեն հարուստ պետք է իմանա՝ եթե ինքը հարուստ է, եւ այն մեկ երեխան, որը մնացել է առանց բուժման, առանց ուսման, ընտանիքում մի պապ սպանել է թոռանը կամ թոռը՝ պապին՝ հանուն հազար դրամի, այդ ամբողջի կազմակերպողը այդ հարուստն է, հարստությանն ուղղված մարդը, անկախ նրանից՝ ինքը հարուստ դարձե՞լ է, թե՞ ոչ: «Հարուստի փիլիսոփայությունը» հիմա պաշտպանում են բոլոր քաղաքական ուժերը, եւ դրանով նրանք Հայաստանը պահպանում են այս ստորացուցիչ դեգերումների հատվածում»: «Առավոտի» դիտարկմանը՝ Հայաստանի ամենահարուստ մարդը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, եւ բոլոր քաղաքական ուժերն էլ ճանապարհներ են փնտրում նրա հետ համագործակցելու. ստացվում է, որ Ծառուկյա՞նն է ամեն ինչի մեղավորը, Աշոտ Մանուչարյանը հակադարձեց. «Ես չգիտեմ՝ որտեղից եւ ով է հայտնաբերել, որ ամենահարուստ մարդը Ծառուկյանն է, որովհետեւ ես տարբեր հարուստ մարդկանց մասին եմ լսել, բայց խնդիրը դա չէ: Կարեւորագույնը հետեւյալն է՝ ոչ միայն Ծառուկյանն է այդ համակարգի պահպանողը եւ ոչ էլ բազմաթիվ այլ երեւացող ու չերեւացող «փակ» օլիգարխները, որոնք բարձր պետական պաշտոնների են եղել եւ Հայաստանի ամենամեծ հափշտակումներն են անցկացրել: Չգիտես ինչու, օլիգարխներից որ խոսում ենք, հիշում ենք միայն բիզնեսմեն-օլիգարխներին, բայց ամենախոշոր եւ ամենահանցագործ օլիգարխները կարողություն կուտակած պետական պաշտոնյաներն են: Բայց հարցն այն է, որ ցանկացած մարդ, որն ուզում է դառնալ օլիգարխ, ուզում է դառնալ պետական պաշտոնյա, որպեսզի հարստություն կուտակի, նա նույնքան ուժեղ պահապանն է այս համակարգի: Իսկ այսօր քաղաքական դաշտի կողմից ողջ փիլիսոփայությունը կառուցվում է դրա վրա՝ դառնալ հարուստ: Դրանք են ծրագրային դրույթները»: Իսկ թե ովքեր են մնացյալ հարուստները, որոնց մասին լսել է մեր զրուցակիցը՝ «Ինչքան Հայաստանում մարդ կա, ովքեր եղել են կամ երազում են լինել օլիգարխ, նախարար եւ այլն, նրանք այդ շարքում են»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Ճշտող հարցին էլ՝ նաեւ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի ծրագրային դրույթնե՞րն են այդպիսիք, Մանուչարյանը հակադարձեց. «Քաղաքական դաշտում չկա մի որեւէ ուժ, որը հարցականի տակ դնի հարուստի ստատուսը: Հարստանալու, ունեւորության, այսպես կոչված, բարգավաճ կյանքի ձգտումը ոչնչացնում է Հայաստանը: Այ, ժողովուրդը, որ այսօր այդքան փախչում է, պատճառն այն է, որ համընդհանուր մրցակցություն է՝ ով ավելի շատ կփախցնի: Այն քաղաքական ուժերը, որ խոսում են սահմանադրական կարգից, ընդամենը խոսում են մի բանից, որ մի քիչ կարգավորեն այդ համընդհանուր հափշտակման դաշտը»: Մանուչարյանը համոզված է, որ «սահմանադրական կարգը» ինքնըստինքյան հարց չի լուծում, որովհետեւ արեւմտյան քաղաքակրթության կողմից 300-400 տարի առաջ ստեղծված այդ համակարգն ընդամենը որոշակի սահմանների մեջ է դնում հափշտակումը: Ուստի նա կարեւորում է, որ «սահմանադրական կարգից» խոսողները հստակեցնեն՝ ինչ «սահմանադրական կարգից» են խոսում. «Միայն այն սահմանադրական կարգը կարող է Հայաստանը փոխել, որն ուղղված չէ գիշատիչ մարդու համակարգը պահպանելուն»:

Ելնելով ներկայիս քաղաքական իրականությունից, հետաքրքրվեցինք՝ այնուհանդերձ, հնարավոր համարո՞ւմ է մեր զրուցակիցը ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը եւ ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ի կեցվածքը, որը մեկ ռեւերանսներ է անում ընդդիմությանը՝ միանալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի առաջարկին, միաժամանակ Վարդան Բոստանջյանն արդեն շտապեց հայտարարել, որ իրենք պաշտպանելու են Սերժ Սարգսյանին: Մանուչարյանն ասաց. «Այդ ամենը Հայաստանի համար չի պարունակում որեւէ հեռանկար: Հայաստանի համար հեռանկարներ պարունակում են, օրինակ, էկոլոգիական շարժման նոր ձեւավորվող փիլիսոփայության մեջ, քաղաքական դաշտից դուրս՝ այլ դիմադրական խմբերի ու խմբակների մեջ: Ցավալի է, մեր քաղաքական դաշտում այսօր ոչնչացվում է վերջին սաղմերն այն հնարավորությունների, որոնք կան Հայաստանի համար: Ես նկատի ունեմ այն խմբերն ու մարդկանց, ովքեր կրում էին ոչ նյութապաշտ Հայաստանի պարագաներն իրենց մեջ: Նրանք կամաց-կամաց մարգինալանում են այս համակարգում»: Դիտարկմանը՝ այսօր դոմինանտը հենց քաղաքական ուժերն են, պարոն Մանուչարյանը հակադարձեց. «Ինչը մեծ է եւ չաղ, միշտ չէ, որ դոմինանտ է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829