Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյան. «ԲՀԿ-ի հետ ճնշումների լեզվով հնարավոր չէ խոսել»

Փետրվար 01,2012 20:37

ԲՀԿ կուսակցության  անդամ եւ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր իր ասուլիսում պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի՞ փոխի արդյոք իր որոշումն ու, համաձայն կոալիցիայի ստորագրած համատեղ հուշագրի, 2013-ի նախագահական ընտրություններում կսատարի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հայտարարել է. «Պարզապես առիթ չունենք չսատարելու: Եթե դուք նկատում եք, ես միշտ ձեռնպահ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթերին»:

ԲՀԿ-ական պատգամավորի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալու խնդրանքով Aravot.am-ը դիմեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին: «Վարդան Բոստանջյանը ներկայացրել է իր անձնական կարծիքը: Կուսակցության դիրքորոշումն արտահայտում է կուսակցության նախագահը, իսկ այդ  հարցի վերաբերյալ պարոն Ծառուկյանը բազմիցս է արտահայտվել, եւ ոչինչ չի փոխվել դրանից հետո»,- հայտարարեց Խաչիկ Գալստյանը` նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի «այդ մասին` հաջորդ դասին» ձեւակերպումը:

Վարդան Բոստանջյանը իր ասուլիսում նաեւ հայտարարել էր, թե  ԲՀԿ-ի վրա ճնշումներ չկան, եւ սա այն դեպքում, երբ դրա մասին բազմաթիվ պատեհ առիթներով ավելի վաղ հայտարարել էին ինչպես ինքը` Բոստանջյանը, այնպես էլ  ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ու պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ինչպե՞ս բացատրել այսօր եւ դրանից առաջ արվող հայտարարություններում առկա հակասությունները: Ի պատասխան մեր այս հարցի, Խաչիկ Գալստյանն ասաց, թե  իրենք  որպես ճնշում դիտարկվող բոլոր  նմանատիպ տեղեկություններն ու ահազանգերը ուշադրությամբ ուսումնասիրում եւ վերլուծում են: «Դրանք բոլորը պարն Ծառուկյանն ընդունում է ի գիտություն ու միայն այդքանը: Այդ տվյալները ամբողջությամբ համադրելուց հետո մենք հանդես կգանք վերջնական եզրակացությամբ»,- հավաստիացրեց Խաչիկ Գալստյանը` հավելելով, թե «ԲՀԿ-ի հետ ճնշումների լեզվով հնարավոր չէ խոսել»:

ԲՀԿ-ական պատգամավորի այսօր արած հայտարարություններից մեկն էլ այն էր, թե` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ոչ միայն վստահության պակաս չկա, այլ ավելին` ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն անգամ փոխհամաձայնեցված կարգով կառաջադրեն իրենց մեծամասնական թեկնածուներին: Խաչիկ Գալստյանն այս առնչությամբ էլ ասաց, թե այդ խնդրի շուրջ եւս խոսելու առիթ եղել է եւ ասվել է, որ ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը հանձնարարականներ է տվել կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին` բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջարկել 2-3 թեկնածու, որոնց պոտենցիալն ուսումնասիրելուց հետո կորոշվի նրանց` կոնկրետ մեծամասնական ընտրատարածքում առաջադրելու հարցը: Այնպես որ այս հարցում եւս ոչինչ չի փոխվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829