Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին կհեղինակազրկվի՞

Փետրվար 01,2012 19:32

 

«Սահմանադրական խորհրդում Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը չստորագրելու կամ Սահմանադրական խորհրդի բացասական որոշման պարագայում Սարկոզին շատ ավելի մեծ հարված կստանա իր հեղինակության իմաստով»,- Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը վիճարկելու համար սենատորների՝ դիմում ներկայացնելու որոշումը, ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը

Թե ինչու Ֆրանսիայի նախագահը ձգձգեց օրինագծի ստորագրումը, Ա. Մելքոնյանը գտնում է, որ պատճառներից մեկը ֆրանսիական հասարակության մեջ առաջացած դժգոհություններն էին: Ըստ մեր զրուցակցի, Սարկոզին ավելի շատ ներքին, քան արտաքին դժգոհությունից վախեցավ. «Որովհետեւ ընտրությունների նախօրյակ է եւ այն մարդիկ, որոնք դեմ էին օրինագծին, բնականաբար փորձեցին շանտաժի քաղաքականության միջոցով Սարկոզիին հասկացնել, որ արագ ստորագրելու պարագայում ինքը կարող է խնդիր ունենալ, բայց չի բացառվում նաեւ հետեւյալ տարբերակը, որ Սարկոզին ուզեց պատասխանատվությունը կիսել նաեւ Սահմանադրական խորհրդի հետ: Մյուս կողմից, արտգործնախարարության կարծիքը որոշ չափով ազդեց Սարկոզիի վրա, եւ նա դրա համար էլ ձգձգեց այդ օրինագծի ստորագրումը: Այն դեպքում, երբ որ կարող էր շատ արագ անել եւ կդառնար օրենք՝ մինչեւ սահմանադրական խորհուրդ մտնելը: Հիմա հստակ երեւում է, որ պետական մակարդակով թուրքական միջամտություն կար, այդ մասին նաեւ խոստովանեց Էրդողանը. անհատապես նույնիսկ զրուցում էին այդ սենատորների եւ Ազգային ժողովի անդամների հետ, որոնք ստորագրել են սահմանադրական խորհուրդ հարցը տեղափոխելու փաստաթուղթը»:

Ըստ պատմաբանի, այստեղ գլխավոր հակափաստարկն այն է, որ նման քրեորեն պատժելի օրինագիծ արդեն կա՝ կապված հրեական հոլոքոստի հետ եւ կարծում է, որ այնուամենայնիվ Սահմանադրական խորհուրդն օրինագիծը պետք է ճանաչի համապատասխանող ֆրանսիական օրենսդրությանը. «Այսինքն այս հարցը սահմանադրական խորհուրդը դժվար է ասել, թե ինչպես կկարողանա շրջանցել՝ նույնիսկ եթե նման ցանկություն ունենա, որովհետեւ եթե կա մի օրենք, որի հիման վրա էլ կազմվել է հայոց ցեղասպանության խնդիրը, բնականաբար հերքելով, ժխտելով կամ անհամապատասխանելիության վերաբերյալ որեւէ որոշում կայացնելու համար պետք է ունենա իրավական հիմք»: 

Հիշեցնենք, որ ըստ France-Presse լրատվական գործակալության` Ն. Սարկոզին խորհրդարանական մեծամասնության առաջ հայտարարել է, թե Սահմանադրական խորհուրդ դիմելու նախաձեռնողներն իրեն «արջի ծառայություն են մատուցում» եւ համոզմունք է հայտնել, որ եթե այդ օրինագիծը հակասահմանադրական ճանաչվի, ապա ՍԴ պիտի ուղարկվի նաև Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829