Ոստիկանությունը բացահայտել է անցյալ տարի Երևանում տեղի ունեցած` օտարերկրացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 1-ի կեսօրին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնականի բաժնի և նույն բաժնի քննչական բաժնի աշխատակիցները Հերացի փողոցի 16 շենքի բակում քննչական փորձարարական աշխատանքներ էին կատարում։
Գ. Շամշյանը հայտնում է, որ աշխատանքները կապված են այն բանի հետ, որ երեկ քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և գլխավոր վարչություն են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված 24-ամյա Կարեն Մկրտչյանին։
Պարզվել է, որ Կ. Մկրտչյանը 2010-ի փետրվարի 28-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում ավազակային հարձակում է կատարել Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մաոիդ Ջահուդարիի նկատմամբ։ Հարձակումից առաջ շշով հարվածել է օտարերկրացու գլխին։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 175 հոդվածի (ավազակություն) հատկանիշներով։ Ի դեպ, երբ հանցանքի վայրում քննչական-փորձարարական աշխատանքների ժամանակ ֆոտոլրագրողը լուսանկարահանման աշխատանքներ էր կատարում, Կ. Մկրտչյանը նեղանում էր, թե՝ «արել ենք, պռիզնատ ենք եկել, էլ խի էս նկարում, շուխուռ անում, հո հայի չեմ թալնե»։
Կարդացեք նաև
Քննիչի որոշմամբ Կ. Մկրտչյանը ձերբակալվել է։
Ի դեպ, շենքի բակում էր նաև տուժածը՝ իր ընկերոջ հետ, որը ոչ միայն ճանաչեց իր վրա հարձակվողին, այլ նաև ոգևորված ֆոտոլրագրողին պատմում էր դեպքի հանգամանքները։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ