Լրահոս
Օրվա լրահոսը

100% համամասնականի շուրջ ԱԺ լսումները` փետրվարի 15-ին

Փետրվար 01,2012 16:24

Փետրվարի 15-ին խորհրդարանում տեղի կունենան լսումներ` ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու  հարցի շուրջ: Այդ մասին Aravot.am-ին փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Այդպիսի որոշում ընդունելու մասին խորհրդարանի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօր կայացած նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Նա հայտարարեց, որ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների` այդ հարցով լսումներ անցկացնելու առաջարկն ընդունվել է: Դավիթ Հարությունյանն ասաց, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, որին համապատասխան առաջարկով դիմել էին այս երեք խմբակցությունները, գրություն է փոխանցել Պետա-իրավական հանձնաժողովին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:  Այս հարցի շուրջ հանձնաժողովում քննարկումներ չեն ծավալվել, փոխարենը համաձայնեցվել է լսումների անցկացման կարգը. այն է` լինելու են երկու զեկուցողներ` ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների կողմից, որոնք 10-ական րոպեում կներկայացնեն իրենց դիրքորոշումն այս հարցում, մեկ զեկույց կհնչի կառավարության կամ գլխադասային հանձնաժողովի կողմից, կլինեն նաեւ եզրափակիչ ելույթներ:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»` ԱԺ-ի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր համապատասխան փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում, ապա, խմբակցության ղեկավարի ասելով, այն  հանձնաժողովում չէր կարող քննարկվել, որովհետեւ կառավարությունն առաջարկվող  օրենսդրական փաթեթը դեռ չի քննարկել եւ եզրակացություն չի տվել: Այդ հարցը ԱԺ լիագումար նիստում քննարկելու հարցը կորոշվի, Ստեփան Սաֆարյանի մատուցմամբ, ԱԺ հաջորդ քառօրյայից առաջ: «Այդ ընթացքում ե’ւ օրենսդրական նախաձեռնությունն օրակարգ մտցնելու ժամկետը լրացած կլինի, ե’ւ կառավարությունը եզրակացությունը կտա, եւ գլխադասային հանձնաժողովն էլ պարտավոր կլինի իր վերաբերմունքը հայտնել այդ նախաձեռնության վերաբերյալ»,– պարզաբանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը` հավելելով, որ նույնիսկ բացասական եզրակացությունների դեպքում դա օրակարգ կմտնի` ծայրահեղ դեպքում որպես հրատապ հարց:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829