Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկները`առաջին հանդիպման ժամանակ

Փետրվար 01,2012 15:51

Մեր հրապարակումներից մեկում խոսել էինք՝ ինչպես են տղաները պատրաստվում  առաջին ժամադրությանը: Աղջիկների  մասին խոստացել էինք անդրադառնալ: Հիմա էլ կատարում ենք մեր խոստումը:

«Մեր հանդիպումը ինձ համար անսպասելի էր, վաղուց ճանաչում էինք միմյանց, բայց չէինք ժամադրվել, ես միշտ ասում էի նրան, որ հեռու մնա ինձնից: Դասից տուն էի գալիս, նա փորձեց ճանապարել ինձ, մի քիչ վիճաբանություն, ու ես «զոռով» համաձայնվեցի: Մենք քայլում էինք Գր. Լուսավորիչ եկեղեցու կողքով, առաջարկեց մտնել և մոմ վառել, այս դեպքում հաստատ չէի կարող մերժել: Երբ հարցրեցի, թե ինչ ցանկություն է պահել, ասաց. «Որ Աստված այնպես անի, որ միշտ կողքիս լինես»: Իսկ ես փոխարենը Աստվծուց խնդրել էի նրան հեռացնել ճամփիցս», -թախիծով հիշում է Նարեն ու զղջում իր արածի համար`ասելով `Տերը նրա կողմից էր:

Թե ինչ է կատարվում առաջին ժամադրությունից ժամեր առաջ, գիտեն միայն նրանք, ովքեր, արդեն ապրել են այդ թրթիռը կամ էլ եղել են ականատես : «Ճիշտն ասա՛, էս շորը սազում ա՞ ինձ», «Մազերս ոնց ա՞», «Սենց սիրո՞ւն եմ» կամ էլ . «Ի՞նչ ես կարծում, ինձ ծաղիկ կբերի». այս հարցերը տալիս են շատ ու շատ աղջիկներ իրենց ծանոթներին ու մտերիմներին, իսկ տղաները`«Ախպե՛րս, էսօր ժամո եմ, հլ նայի՛ վիճակս լա՞վ ա», «Ցավդ տանեմ, կարա՞ս էսօր հեռախոս տաս »…

20-ամյա Անահիտը պատմում է` առաջին հանդիպման համար մի լավ իրարանցում էր ստեղծել տանը. «Ամբողջ պահարանս դատարկեցի, հարմար ոչինչ չգտա, վերջում քրոջս շորերից մեկը հագա: Հետո գնացի վարսավիրանոց, մազերս հարդարեց, make up արեցի ու ապա դեպի ժամադրություն»: Անահիտը նաև հիշում է`ամբողջ ընթացքում տագնապ է ապրել, քանի որ, ինչպես ինքն է ասում, համացանցով էին ծանոթացել, իսկ իր նկարներում միշտ գեղեցիկ է եղել, անհանգստացել է իրականում նրա աչքին տգեղ երևալուց: Հոգեբան Աննա Վարդանյանի խոսքով` առհասարակ առաջին հանդիպումից առաջ թե՛ աղջիկների, և թե՛ տղաների մոտ միշտ մի փոքր տագնապ է լինում, իսկ տագնապը, ինչպես ինքն է ասում, սպասվող սպառնալիքի սրված զգայություն է, որը կարող է արտահայտվել ուրախության ձևով:

Հոգեբանը աղջիկներին խորհուրդ է տալիս «գաջված» դեմքով չներկայանալ: «Կարելի է թեթև շպարվել, տղամարդկանց դուր է գալիս բնականը: Աղջիկները պետք է խուսափեն բաց հագուստնեից: Նրանք կարող են հագնել կիսաշրջազգեստներ, բայց այն չպետք է լինի շատ կարճ, որպեսզի տղաների ուշադրությունը այլ կողմ չշեղվի: Հագուստը պետք է ընդգծի կնոջ բարեմասնությունները: Ինչ վերաբերում է օծանելիքին, հարկավոր է ընտրել այնպիսի բուրմունք, որ կհամապատասխանի աղջկա բնավորությանը»:

Ոչ վաղ անցյալում, երբ այնքան էլ տարածված չէին շպարման պարագանները, միևնույն է, կանայք հետևուն էին իրենց արտաքինին: 55-ամյա Ռոզա տատիկը պատմում է. «Էն ժամանակ մի քիչ ուրիշ էր, հիմիկվա խենթությունները` երբեմն անամոթության հասնող, չկար: Հորս ընկերոջ տղան էր, կարելի ա ասել ծնված օրվանից նշանածներ էինք (մեր հայրերն էին այդպես ցանկացել) : Առաջին «պաշտոնական» հանդիպման ժամանակ գնացինք թատրոն: Նախորդ օրը մազերս փաթաթել ու քնել, որ առավոտյան սիրուն լինեմ» :

Թե՛ հնում, թե՛ հիմա, միշտ էլ գայթակղության միջոցներից մեկը հայացքն է եղել: Հոգեբանի խոսքով` տղամարդուն գայթակղելու համար աղջիկը պետք է գործի դնի իր աչքերը, նրա ուսերի վրայով պետք է թեք նայի անորոշ ուղղությամբ, ապա ուղիղ նրա աչքերին: «Տղամարդուն նաև դուր է գալիս անկեղծ ժպիտը: Պետք է խոսել դանդաղ ու հաճելի ձայնով և ցույց տալ, որ հաճելի է նրան լսելը»,- ասում է հոգեբանը և աղջիկներին խորհուրդ տալիս միշտ լինել առեղծվածային: Իսկ դուք, տղանե՛ր, մի շտապեք կարծել ,թե առաջին հանդիպումից հետո նա ձերն է, քանի որ, ինչպես ասում է հոգեբանը, աղջիկը կարող է երկար մտածել ու ընտրություն կատարել:

 

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829