«Tata Steel Chess» շախմատային փառատոնի ավարտից հետո հայտնի է դարձել, որ Ադրբեջանը մտադիր է կրկին հավակնորդների մրցաշար անցկացնելու հայտ ներկայացնել:
Այս տեղեկությունը «Extratime.az»-ին տված հարցազրույցում հաստատել է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը: Հասկանալի է, որ շոշափվել է նաեւ ենթադրաբար կայանալիք այդ մրցաշարին Լեւոն Արոնյանի մասնակցության թեման: Մամեդովի խոսքերով`այո, Ադրբեջանը հավակնում է այդ մրցաշարի անցկացմանը: Սակայն հնարավորությունների մասին հիմա դեռ չարժի խոսել: Դա ՖԻԴԵ-ի մենաշնորհն է: Առայժմ հայտնի չէ, թե բացի իրենցից, էլ ո՞վ է հայտ ներկայացրել:
– Մեր հայտի հետ կապված՝ ամենակարեւոր խնդիրը, թերեւս, Լեւոն Արոնյանի որոշումն է, ինչի պատճառով հավակնորդների նախորդ մրցաշարը Բաքվից տեղափոխվեց Կազան: Այս հարցով Արոնյանի հետ անմիջականորեն չե՞ք բանակցել:
– Ոչ: Իհարկե, ես նրա հետ չեմ զրուցել: Արոնյանը պրոֆեսիոնալ է եւ հիանալի հասկանում է, որ Բաքվում իր համար բոլոր պայմանները կապահովվեն: Ինձ թվում է, թե խնդիրն այստեղ ոչ այնքան Արոնյանն է, որքան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ոչ ճիշտ արձագանքը: Եթե Արոնյանին մնար, ինձ թվում է, ոչ մի խնդիր էլ չէր լինի: Ադրբեջանն ընդունել եւ ընդունում է եվրոպական եւ համաշխարհային մակարդակի մարզական եւ այլ ոլորտների միջոցառումներ, որոնց մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Կազանից առաջ էլ մենք ընդգծել էինք, որ Արոնյանի հարցը քննարկված է առնվազն երկրի սպորտի ղեկավարների մակարդակով եւ նրան կտրամադրվեն ամենաբարձր երաշխիքներ: Լեւոնը կարող է Բաքվի առաջարկած պայմաններին նոր պահանջներ էլ ներկայացնել՝ իրեն ցանկալի ընդունելություն կազմակերպելու համար: Թեեւ, նրա` Բաքու չգալու համար իրական պատճառներ չեմ տեսնում:
Կարդացեք նաև
– Նախորդ անգամ նրա հիմնական պատճառաբանությունն այն էր, որ ինքն իրեն այստեղ հարմարավետ չի զգա:
– Շախմատիստներն իրենց ուղեղի նուրբ եւ անսովոր կառուցվածք ունեցող մարդիկ են համարում: Դրա համար էլ իրենց ոչ հարմարավետ կարող են զգալ ամեն մի մանրուքից: Օրինակ, կողքի աթոռի ճռռոցից: Դրա համար էլ մեկ անգամ եւս ընդգծում եմ, որ Բաքվում Լեւոն Արոնյանի համար կապահովենք բոլոր պայմանները, ինչ ինքը կցանկանա ու կառաջարկի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ