Գիտնականների մեկնաբանմամբ՝ հանգիստ, ուրախ մտքերն ու իրադարձություններն օգնում են հիվանդներին իրենց առողջության վերաբերյալ առավել ճիշտ որոշումներ կայացնել. այս մասին գրում է «Daily Mail»-ը: Ըստ աղբյուրի, որոշ հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ քնից արթնանալուց հետո ինչ-որ ուրախ բանի մասին մտածելը բուժիչ նշանակություն ունի, դրա համար էլ խորհուրդ է տրվում, օրինակ, փոքրիկ երեխաների, ջերմ, արեւոտ օրերի, գեղեցիկ արեւածագի մասին մտածել:
Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց հոգեբան Արմիդա Ալեքսանյանի հետ, որի փոխանցմամբ՝ արթնանալիս բարի լուրեր լսելը, գեղեցիկ տեսարաններ դիտելը ու նույնիսկ հարազատներին ժպիտով բարի լույս մաղթելը բավական է, որ մարդն ամբողջ օրվա ընթացքում ունենա լավ տրամադրություն: «Շատ կարեւոր է մարդու հոգեկան վիճակը, նաեւ քնելու ժամանակ: Լարված աշխատանքային օրվանից հետո, հոգնած, զայրացած վիճակներ ապրած մարդը գոնե քնելիս պետք է այդ ամենի մասին մոռանա: Ցավոք, մենք այդպես չենք վարվում. վատ տրամադրությամբ պառկում ենք քնելու, ամբողջ գիշեր գալարվում անկողնում, մղձավանջային երազներ տեսնում, արդյունքում՝ առավոտյան արթնանալիս ունենում ենք վատ տրամադրություն, հոգնած արտաքին: Խորհուրդ կտամ փոխել կենսակերպը: Հաճախ ժպտացեք: Զբոսնեք, թուլացրեք նյարդերը»,- ասում է Ա. Ալեքսանյանը՝ հավելելով, որ հիասթափություններն անցողիկ են:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ