Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանագիտությունն այդքա՜ն գրավիչ է շահարկումների համար

Փետրվար 01,2012 13:47

Հունվարի 12-ին «Առավոտում» տպագրվեց «Հայաստանցի ցեղասպանագետները որեւէ ներդրում չունե՞ն» վերնագրով լուրը, որը տարվա սկզբին ԱՐՄԱԿԱԴ ցանցով տարածված Խաչիկ Գեւորգյանի հայտարարության վերաշարադրված տարբերակն էր: Խ. Գեւորգյանը ցեղասպանագիտական հարցերին նվիրված երկու ինդեքսավորվող եւ գրախոսվող միջազգային պարբերականներում հայաստանցի մասնագետների հրապարակումների բացակայությունը փորձում էր ներկայացնել որպես ահագնացող վիճակ հայրենական ցեղասպանագիտության մեջ ու տարակուսում՝ «որպես հարկատու, թե ո՞ւր եւ հատկապես ո՞ւմ են տրվում իմ եւ այլոց վճարած հարկերը՝ որպես աշխատավարձ»: Նա իրավիճակը շտկելու նպատակով նույնիսկ առաջարկում է դրամաշնորհ տրամադրել այդ ամսագրերում տպագրվելու համար:

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատանքը, եւ թանգարանի միջազգային հեղինակության բարձրացումը հանգիստ չեն տալիս ոչ միայն թուրքերին կամ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին, այլեւ, ցավոք, նաեւ մեր որոշ հայրենակիցների, ովքեր բոլորովին էլ չեն թաքցնում իրենց ակնհայտ ու անթաքույց չկամությունն ու խանդը: Հաճախ ականատես ենք լինում նմանատիպ պոռթկումների անսպասելի ու զավեշտալի դրսեւորումների: Այս դեպքը մեկն է այդ շարքից:

Հայկական ցեղասպանագիտության փրկչի կեցվածքով Խաչիկ Գեւորգյանի հանդես գալը համարում են ոչ մի բանով չհիմնավորված, իսկ մոտեցումները՝ անընդունելի եւ ակադեմիական գիտության հետ ոչ մի կապ ու առնչություն չունեցող պոպուլիստական գործելաոճ: Իսկ դրամաշնորհ հայտարարելը միջոց է հնչեղ թեմայի շուրջ գործարարներից գումար հայթայթելու համար:

Գիտական աշխատանքի չափումը երկու արտասահմանյան ամսագրերում տպվելու հանգամանքով համարում եմ պարզունակ ու անլուրջ մոտեցում: Եթե առաջնորդվենք այս նույն չափանիշով, ապա ՀՀ-ում ցանկացած գիտության ոլորտ կարող ենք սնանկ համարել: Ի դեպ, ՀՑԹԻ-ն այս տարվանից թողարկելու է հայաստանյան միջազգային գրախոսվող անգլալեզու հանդես՝ հենց ցեղասպանագիտության թեմայով:

«Հարկատուների գումարների փոշիացման» թեզը համարում եմ ոչ պակաս էժանագին հնարք: Նշեմ, որ մեր համեստ աշխատավարձը գնում է տարեկան հարյուր հազարավոր այցելուներ, այդ թվում տասնյակ հազարավոր օտարերկրացիներ ընդունելու, նրանց անվճար բացատրություններ ու գրականություն տալու համար: Հարկատուների գումարները գնում են գիտական ցուցադրությունը հարստացնելու, ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու, ինչպես նաեւ www.genocide-museum.am քառալեզու կայքը սպասարկելու համար, որն իր բովանդակությամբ Հայոց ցեղասպանության թեմայով համար մեկ կայքէջն է վիրտուալ տարածքում: Վկայությունը 2007 եւ 2011թթ. ստացած մրցանակներն են: Հարկերը գնում են ցեղասպանագիտական հազվագյուտ սկզբնաղբյուրների վերահրատարակմանը, նրանց թարգմանությանն ու գիտական հրատարակմանը: Հարկերը գնում են ամեն տարի մի քանի տասնյակ գիտական հոդվածների հրապարակմանը եւ միջազգային գիտաժողովների մասնակցությանն ու կազմակերպմանը:

Ի դեպ, ՀՑԹԻ-ն ամեն տարի հաշվետու ասուլիս է տալիս, իսկ այս տարի հրապարակել է իր հնգամյա գործունեության հաշվետվությունը, որը կարող ենք տրամադրել անհրաժեշտ հետեւություններ անելու համար:

ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու, ՀՑԹԻ փոխտնօրեն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829