Չնայած՝ Մաթեւոսյանից մի տող անգամ չի կարդացել
Լոռու մարզի Մոտկորի տարածաշրջանի Ահնիձոր գյուղի յուրաքանչյուր բնակիչ կամ Հրանտ Մաթեւոսյանի գրական կերպարն է, կամ համանուն գեղարվեստական ֆիլմում էպիզոդիկ դերակատար: 71-ամյա Հրանուշ Ղազարյանն էլ «Տերը» ֆիլմում մարմնավորել է իր համագյուղացու ամուսնության պատմությունը, սակայն, ժամանակ չունենալու պատճառով, Մաթեւոսյանից մի տող անգամ չի կարդացել: «Ես Հրանտ չեմ կարդացել, ծանոթ չեմ նրան, նրա գրվածքներին, միայն տեսել եմ դեմքով, բայց հետը խոսել չի հաջողվել»,- մեզ հետ զրույցում ասում է Հրանուշ տատը:
Հրանուշ Բարսեղյանը ծնվել է 1941թ. հուլիսի 22-ին: Իր կյանքում ունեցած անհաջողությունները բացատրում է չարագուշակ տարվա եւ օրվա ծնունդով. «Համ տարիս ա նահանջ, համ օրս ա նահանջ, համ էլ եթիմ եմ… դրա համար էլ բախտս շուռ եկավ»:
Ինչպես ինքն է պատմում, վեց ամսականում կորցրել է մորը: Նրա մայրը մահացել է սրտի կաթվածից. «Էն ժամանակ հիվանդությունից գլուխ չէին հանում»:
Կարդացեք նաև
Ալավերդու հիվանդանոցում հարսին խնամելու համար, տատը փոքրիկ Հրանուշին թողնում է ճոճքի մեջ՝ եղբոր կնոջ հույսին: Տիկին Հրանուշի պատմելով, գործով տարված իրենց հարսը մինչեւ ուշքի է գալիս երեխայի լացի ձայնից, տեսնում է, որ երեխան կախվել է ճոճքից ու ցած է ընկնում: Նրան պահում է միայն թախտին հենվելը: Երեխայի ոտքերը դուրս են ընկնում խնձորակից, որը պարզվում է միայն քայլելու ժամանակ: «Տեսնելով, որ երեխեն լավ չի քայլում, տանում են սնխչու մոտ, բայց արդեն ուշ էր: Դուրս եկած խնձորակն իր տեղն արել էր, ու ես ամբողջ կյանքս այդպես էլ ինվալիդ մնացի,- պատմում է Հրանուշ տատը,- ինձ տատս մեծ դժվարությամբ է պահել»: Հայրը պատերազմից վերադառնալով՝ ամուսնանում է երկրորդ անգամ, ընտանիքն աճում է՝ քույր ու եղբայրներ: 8-ամյա կրթություն ստանալուց հետո, Հրանուշ Ղազարյանն աշխատել է գյուղի սովխոզում: Սակայն տարեցտարի նրա քայլելու հարցն ավելի է դժվարանում: 21 տարեկանում նա ամուսնանում է հարեւան Ահնիձոր գյուղում. «Համ ինվալիդ էի, համ եթիմ, լեզուս մի տեղ կարճ էր, հերս ասավ՝ կտամ, ճիշտ ա, խեղճ ընտանիք էին»: Նա այժմ 3 երեխա, 7 թոռ ունի եւ նրանցով է ապրում:
Քայլելու դժվարություններն անտեսելով՝ ամռան ամիսներին տնամերձ փոքրիկ այգով է զբաղվում, ձմեռվա համար պահածոներ պատրաստում: Սիրում է մեծ աշխարհի իր անկյունը, սակայն երազում է, որ իր թոռներն ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն:
ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ