Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպությունը՝ դատարանի դեմ

Փետրվար 01,2012 13:24

Դատավորը չգիտի՝ որոնք են հանրային նշանակության կազմակերպությունները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ. դեկտեմբերին «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, քանի որ վերջիններս խախտել էին ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը: Սակայն 2012թ. հունվարի 23-ին եւ 26-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի դեմ ԻԱԿ-ի հայցերի ընդունումը այն պատճառաբանությամբ, թե նշված ընկերությունները հանրային նշանակության կազմակերպություններ եւ տեղեկատվություն տնօրինողներ չեն:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցմամբ 2011թ. նոյեմբերին դիմել էր «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Ասլանյանին եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանին՝ խնդրելով հայտնել, արդյոք, այդ ընկերությունների կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց, ինչպես նաեւ տրամադրել ցանկ, թե ընկերությունների կաթնամթերքներից որն է բնական կաթից, որը՝ ոչ, եւ/կամ որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է: Այս հարցումներն անպատասխան մնալուց հետո ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու կրկնակի հարցումներ ուղարկեց «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ին եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին: Կրկնակի հարցմանն ի պատասխան՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ից ստացվեց էլեկտրոնային պատասխան, ըստ որի՝ ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը մակնշված է կազմակերպության արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա, ինչպես նաեւ հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար հղում էր արված կազմակերպության կայքին: Սակայն ԻԱԿ-ի խնդրած տեղեկություններն առկա չէին ոչ կազմակերպության արտադրանքի տուփերի վրա, ոչ էլ կայքում: Ուստի, պատասխանը համարվել է անհիմն: Իսկ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կրկնակի հարցումը թողեց անպատասխան:

ՀՀ վարչական դատարանը (դատավորներ՝ Արծրուն Միրզոյան եւ Աղասի Դարբինյան) մերժելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցերի ընդունումը՝ պատճառաբանել է, որ նշված ընկերությունները ուղղակի հանդիսանում են շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առեւտրային) ընկերություններ, հետեւաբար «ներկայացված հայցապահանջները չեն բխում հանրային իրավահարաբերություններից…»: Այլ կերպ ասած՝ դատարանը համարել է, որ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն ու «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հանրային նշանակություն չունեն:

Հայցի ընդունումը մերժած անտեղյակ դատավորներին տեղեկացնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքում (https://competition.

am/uploads/resources/Cucak_dominant_for_site_24_11-2011.pdf) տեղադրված է Հայաստանում ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը, որում ներառված են նաեւ «Աշտարակ-Կաթ» եւ «Դուստր Մարիաննա» ընկերությունները: Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքային շուկաներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները համարվում են հանրային նշանակության կազմակերպություններ եւ հանդիսանում են տեղեկատվություն տնօրինողներ:

Հայտնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատրաստվում է բողոքարկել ՀՀ վարչական դատարանի որոշումները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829