Բակերն այնքան են լցվել օրինական ու անօրինական կառույցներով, որ բնակիչները ամեն ազատ թիզը պահելու համար պատրաստ են ակտիվ պայքար մղել:
Երեկ «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Աբովյան փողոցի 19 եւ 21 շենքերի բնակիչները՝ հայտնելով, որ իրենց բակում արդեն մի քանի օր է՝ ակտիվ շինարարություն է իրականացվում: Բնակիչները մտավախություն ունեն, որ բակի հաշվին հերթական օբյեկտն է վեր խոյանալու, որն էլ, ըստ նրանց տեղեկությունների, «հեղինակավոր» մեկին է պատկանում: Բակի խոտածածկ տարածքը փակվել է կապույտ պաստառներով, իսկ դրա մյուս կողմում ցեմենտ-բետոն է շաղախվում: Բնակիչները ճշտել են, որ տարածքում մանկական խաղասրահ է բացվում, ինչը, նրանց կարծիքով, անընդունելի է: «Նախ՝ մեր բակում ֆուտբոլի դաշտ կա, եւ մենք ավելի շատ կողմ ենք, որ մեր երեխաները այդ դաշտում խաղան, մարզվեն եւ ժամանակ անցկացնեն, քան թե մեզնից գումար կորզեն եւ այցելեն այդ խաղատունը: Ո՞վ ասաց, որ երեխաների համար նախատեսված խաղատունը նույնքան վտանգավոր չէ, որքան մեծերի համար նախատեսվածը: Մենք չենք ցանկանում, որ այդ տարածքում որեւէ բան կառուցվի, մանավանդ, որ այն կանաչ գոտի է»,- «Առավոտի» հետ զրույցում նման դժգոհություն հայտնեցին այս բակի բնակիչները: Նրանց խոսքերով՝ եթե ինչ-որ բան են ուզում անել երեխաների համար, գոնե պետք է լողավազան կառուցեն, որից օգտվելը առողջարար կլինի. «Թե չէ՝ առանց այդ էլ երեխաներն ամբողջ օրը համակարգչի առաջ են անցկացնում»:
Երբ տարածքի բնակիչները փորձել են խոչընդոտել շինարարական աշխատանքները, նրանց պատասխանել են, որ գործ չունեն՝ ինչ-որ օլիգարխներ են այս ամենի նախաձեռնողները: Սակայն սա բնակիչներին չի կանգնեցրել, նրանք ստորագրահավաք են սկսել մանկական խաղասրահի կառուցման դեմ: Սա հիմք է հանդիսացել, որպեսզի երեկ առավոտյան Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները կասեցնեն շինաշխատանքները՝ պարզելու համար, թե ինչն ինչոց է: Արդեն օրվա 2-րդ կեսին պարզվել է, որ այստեղ իսկապես մանկական խաղասրահ է կառուցվում, բայց ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացրել են բակի բնակիչները:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեցին, որ Աբովյան 19 եւ 21 շենքերի բակում իրականացվում է բակի բարեկարգման ծրագիր՝ կառուցվում է մանկական խաղահրապարակ. «Տեղադրվում են մանկական ճոճանակներ եւ տարբեր կարուսելներ եւ երեխաների ժամանցի համար նախատեսված գրեթե ամեն ինչ»:
Կարդացեք նաև
Մեր մայրաքաղաքն այնքան է խեղդված քարաշեն կառույցներով, ու բակերը տեղի-անտեղի այնքան են ծանրաբեռնված տարատեսակ օբյեկտներով, որ բնակիչների աչքը խիստ վախեցած է, եւ անգամ մի թիզ ազատ գոտին պաշտպանելու համար մարդիկ պատրաստ են ակցիաներ անել, անկախ նրանից՝ կառույցն օրինական է, թե ոչ:
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ