Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունները հասարակությանը չեն հետաքրքրում

Փետրվար 01,2012 13:04

Դրանով հետաքրքրված են բացառապես լրագրողներն ու քաղաքական ուժերը

Հայաստանյան մամուլն ու կայքերն այս օրերին հեղեղված են ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն գործընկեր կուսակցությունների փոխհարաբերությունների վերաբերյալ հրապարակումներով՝ «չոր» տեղեկատվությունից մինչեւ վերլուծականներ: Գրեթե բոլոր լրատվամիջոցների լրահոսում անպայման իրենց տեղն են գտնում կուսակցությունների համամասնական ցուցակին առնչվող տեղեկատվություն եւ ապատեղեկատվություն, թեեւ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն են շարունակում պնդել, թե իրենք համամասնական ցուցակի ձեւավորմանը դեռ չեն էլ հասել կամ դեռ չեն ձեւավորել: Բայց արդյոք այս հարցադրումներն այսօր քաղաքական թիվ մեկ կարեւորության խնդիրնե՞ր են կամ վճռորոշ նշանակություն ունե՞ն առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում, եւ ընդհանրապես՝ արդյոք լրատվամիջոցներում պարբերաբար քննարկվող այս հարցերը մեր հանրությանը հետաքրքի՞ր են:

Քաղաքագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ ոչ, հասարակությանը հետաքրքիր չեն:

«Եթե Հայաստանում իրականացվեր քաղաքականություն այդ բառի իրական իմաստով, ապա բոլոր այս՝ դաշինքների, համամասնական ցուցակների, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների շուրջ տարվող խոսակցություններն ու բանավեճերը, որոնք մամուլում անընդհատ շահարկվում են, ուղղակի չէին լինի: Մարդկանց կհետաքրքրեր երեք հարց՝ ո՞նց են լուծվելու սոցիալական խնդիրները, որովհետեւ դա թիվ մեկ խնդիրն է, ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կվարի նորընտիր խորհրդարանն ու ինչպե՞ս են լուծվելու հակամարտությունները, կոնկրետ դեպքում՝ Արցախի հիմնահարցը: Մինչդեռ այսօր ես այս երեք հարցի շուրջ անհանգստություն չեմ տեսնում: Միայն տեսնում եմ ցուցակակռիվ, որը քաղաքականության հետ կապ չունի»,- ասաց քաղաքագետը:

Նա տարակուսեց նաեւ ԲՀԿ-ՀՀԿ շուրջ ստեղծված աժիոտաժի առնչությամբ, այդ կուսակցությունների՝ առանձին-առանձին, թե միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու շուրջ. «Ինձ շատ հետաքրքիր է՝ ի՞նչը կփոխվի դրանից: ԲՀԿ-ականներն ու ՀՀԿ-ականները այդ հարցը պիտի քննարկեն իրենց կուսակցական պլատֆորմի տեսանկյունից: Բայց ցայսօր թե՛ վեճերում, թե՛ փոխադարձ կսմիթներում եւ թե՛ համատեղ հայտարարություններում նման նշույլ ես չեմ տեսնում»:

Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ այս հարցադրումները ԶԼՄ-ներում շրջանառելը պայմանավորված է լրագրողների, բայց ոչ՝ հասարակական հետաքրքրությամբ: Թե ինչո՞ւ՝ պատասխանեց. «Դա մամուլի հետաքրքրությունն է, ու ինձ թվում է, թե մամուլի ներկայացուցիչներն այդ հարցին ավելի լավ կարող են պատասխանել: Հասարակությանը դա բացարձակապես չի հետաքրքրում: Հասարակությանը հետաքրքրում է, թե ինչպիսի իրավական, քաղաքացիական եւ սոցիալական երաշխիքներ է ունենալու ինքը, եւ արժե՞ արդյոք ապրել Հայաստանում, թե՞ ոչ»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ մասնավորապես ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առանձին-առանձին կամ միասնաբար հանդես գալը քաղաքական դաշտը որեւէ փոփոխության ենթարկել չի կարող. «Քաղաքական դաշտի փոփոխության միակ երաշխիքը քաղաքական գործիչների մտածողության փոփոխությունն է»:

Նույն հարցադրումներին անդրադառնալով՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը եւս ասաց, թե ԶԼՄ-ներում քննարկվող այդ հարցադրումներն ընդհանրապես կարեւորություն չեն ներկայացնում: «Ուղղակի նրանց համար, ովքեր դա քննարկում են՝ մամուլն ու քաղաքական շրջանակները, դա կենսական նշանակության հարց է, բայց հասարակության հետ որեւէ առնչություն չունի: Հասարակությանը չի հետաքրքրում, թե ով հավաքվեց ու ինչ քննարկեց»:

Փորձագետի կարծիքով՝ այդ հարցադրումները կենսական անհրաժեշտություն են լրատվամիջոցների համար, որպեսզի նախ՝ լրագրողները նյութ ունենան գրելու, երկրորդ՝ լրատվամիջոցները ներգրավված են քաղաքական որոշակի գործընթացների մեջ. «Ես դա որպես մեղադրանք չեմ ասում, ուղղակի կյանքն է այդպիսին, եւ, բնականաբար, այդ թեման նրանց հետաքրքիր է:

Քաղաքական գործիչներին էլ հետաքրքիր է, որովհետեւ նրանց մի զգալի հատվածը՝ հիմնականում իշխանական դաշտի ներկայացուցիչների մասին է խոսքը, կախված են կառավարման համակարգից եւ այդ ոլորտում կենսական շահեր ունեն: Իրենց համար կարեւոր է իմանալ դա, որպեսզի իրենց «ճիշտ պահեն»՝ ըստ իրենց շահերի»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերություններին, ապա Ստ. Դանիելյանի համոզմամբ՝ «հասարակությանը դա էլ շատ քիչ է հետաքրքիր, բայց փոխարենը հետաքրքիր է այն մարդկանց, որոնք ունեն շատ կոնկրետ շահեր, ու իրավիճակի փոփոխությունը նրանցից շատերի համար ապագայի եւ կյանքի, ունեցվածք ունենալու եւ կորցնելու հարց է: Բնականաբար, դա նրանց համար շատ կարեւոր է: Իսկ հասարակությունը… Հասարակության շահը դեռ ձեւակերպված չէ, եւ կուսակցությունները եւս չեն ձեւակերպել, թե իրե՛նց շահը որտեղ է հատվում հասարակության շահի հետ: Երբ դա լինի եւ մարդկանց համար լինի հասկանալի՝ մենք էլ, որպես հասարակություն, կկողմնորոշվենք, թե ում ձայն տալ, ում համար պայքարել կամ ում համար ընտրություններից հետո ցույցի դուրս գալ ու ընդհանրապես՝ մտածել՝ արժե՞, որ դրա համար մեզ վրա կրակեն, թե՞ ոչ: Գուցե արժե, բայց քանի որ մենք դրա պատասխանը չունենք՝ հասարակությանը այսօր դեռեւս կարեւոր չէ, թե ով որտեղ կհանդիպի եւ ինչ կքննարկի»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829