Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսք տանել-բերելու» արվեստը

Փետրվար 01,2012 12:56

Շուտով ընտրություններ են լինելու, իսկ դա նշանակում է, որ հակամարտող ուժերը իրար դեմ կիրառելու են այն, ինչ «գիտական լեզվով» կոչվում է «PR տեխնոլոգիաներ», իսկ ավելի կենցաղային մակարդակում կրում է «մուտիլովկա» անունը: Դա իրականում առանձնապես բարդ եւ մտավոր ճիգեր պահանջող գործ չէ՝ այդ մեթոդներով կարելի է կռիվ գցել ընտանիքում, աշխատանքային կամ ցանկացած այլ կոլեկտիվում: Մոտենում ես X-ին եւ ասում ես՝ «գիտես, Y-ը քո մասին այսինչ բանն է ասել»: Այդ X-ը՝ տաքարյուն կովկասյան բնավորություն ունենալով, բնականաբար, նույն պահին փրփրում է եւ Y-ի մասին մի երկու «քաղցր բառ» է ասում, որը, բնականաբար, փոխանցվում է Y-ին: Դրանից հետո այդ երկու անձերի փոխհրաձգությունն ապահովված է: Դա կենցաղում անվանում են նաեւ «խոսք տանել-բերել»: Կուսակցությունների, քաղաքական ուժերի դեպքում ցանկացած միջին մակարդակի լրագրող դա կարող է անել հեշտությամբ, որովհետեւ մեր քաղաքական գործիչներն այնքան ինքնավստահ են, ինքնասիրահարված եւ իրենց այնքան են դրել «դուխով տղերքի» տեղ, որ ցանկացած նման խայծ կուլ են տալիս:

Մի խոսքով՝ մոտակա ամիսներին ինչպես կոալիցիայի, այնպես էլ մնացած իշխանամետ եւ ընդդիմադիր կուսակցությունների ներսում նրանց հակառակորդները փնտրելու են «ականներ», «ճեղքեր» եւ «պառակտումներ»: Քաղաքական շահագրգռվածությունն այստեղ ակնհայտ է՝ մրցակցի իրական կամ թվացյալ պառակտումը քարոզչության համար լայն հնարավորություններ է ստեղծում: Ըստ էության, նման երեւույթներ գտնելն այնքան էլ բարդ չէ, քանի որ ցանկացած խումբ, այդ թվում՝ կուսակցություն, կազմված է տարբեր կենսափորձի, աշխարհընկալման եւ խառնվածքի մարդկանցից: Լրագրության տեսանկյունից նման հակասությունների մասին նյութերը հետաքրքրությամբ են կարդացվում՝ դա մի քիչ սերիալի նման է, որտեղ հաջորդ սերիան X-ի կամ Y-ի պատասխան խոսքն է, եւ դա տեսականորեն կարող է տեւել մի քանի ամիս:

Պարզապես երբ մենք՝ լրատվամիջոցներս, կենտրոնանում ենք միայն այդ խարդավանքների վրա, նախընտրական շրջանում բարձրացվող մնացած՝ ավելի էական խնդիրները կարծես նահանջում են երկրորդ պլան: Ի վերջո, երկրի առաջընթացն ապահովվելու է ոչ թե ՀՀԿ-ԲՀԿ կամ, ասենք, ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» ներսում եղած հակասություններով, այլ օրենսդիր իշխանության կողմից որդեգրված քաղաքականությամբ՝ հաշվի առնելով նաեւ, որ Սահմանադրությամբ այդ իշխանությանը տրված են մեծ իրավասություններ: Սակայն այդ իրավասությունները որեւէ դեր կարող են խաղալ նորմալ, աշխատող խորհրդարանի դեպքում:

…Երբ աշխատավայրում որեւէ մեկն ինձ մոտ է փորձում ցուցադրել իր «խոսք տանել-բերելու» արվեստը, ես սովորաբար ասում եմ. «Թողեք անիմաստ խոսակցություններն ու անցեք գործի»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829