Այսօր «Հենարան» ակումբում ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեկնաբանեց կոալիցիոն ուժերի` ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հանդիպումը` ասելով, որ «մի ընտանիքի ներսում տարբեր դեբատներ եւ քննարկումներ լինում են, հասկանո՞ւմ եք, ո՞նց կարող է պատահի երկրի ներսում չլինի: Հանդիպումը եղել է ոչ միայն լարվածությունը հաղթահարելու, ընդհանրապես միասնական ընտրությունների գնալու համար եւ անել հնարավորինս ամեն ինչ, որ ունենանք լավ ընտրություններ: Որպեսզի հստակեցվի, ճշտվի տեսակետները, բնականաբար, այդ մակարդակներում խոսում են փաստաթղթերով եւ կարծում եմ` այդ փաստաթղթերի առկայությունը մեկ առողջ նպատակ են հետապնդում` մեր երկրի կայունության ապահովում»:
Հարցին` ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ վստահության դեֆիցիտ կա՞` պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Վստահության դեֆիցիտ ընդհանրապես գոյություն չունի, ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները ավելի ճոխ դարձնելու համար փոքր-մոքր ,վնաս չբերող ինտրիգներ են ման գալիս, վստահության դեֆիցիտ գոյություն չունի, երկուսն էլ ունեն 1 նպատակ` մեր երկրին տեսնել բարգավաճ, լավը: Լարվածությունը պայմանավորված է մրցապայքարով, ո՞ր մի խաղին մասնակցողը չի ուզում հաղթող լինել, բնականաբար, դրա արդյունքում ծագում են որոշակի լարվածություններ»:
Aravot.am-ի հարցին` նախկինում էլ բազմաթիվ անգամ փաստաթղթեր ստորագրել եք, որ հավատարիմ եք միմյանց նկատմամբ, նոր փաստաթղթեր ստորագրելու իմաստը ո՞րն է, եթե վստահություն կա միմյանց նկատմամբ` պարոն Բոստանջյանը նշեց, որ «Ընդհանրապես փաստաթուղթը միջազգային պրակտիկայում, ամբողջ աշխարհում ընդունված բան է, տեսեք մեր բարոյահոգեբանական կեցվածքն այլ բնույթի է, մենք ամեն ինչից ուզում ենք պատմություն սարքել, բոլոր դեպքերում մինչեւ անգամ ամուսնությունն է փաստաթղթավորվում, իսկ մենք մտածում ենք բանավոր խեսենք, ո’չ, բանավոր խոսելուց վատ բան չկա աշխարհում»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե կարո՞ղ եք վստահ ասել, որ Գագիկ Ծառուկյանը 2013-ին կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Պարոն Բոստանջյանն ասաց, որ պարզապես առիթ չունեն չսատարելու. «Ես իհարկե միշտ ձեռնպահ եմ մնում այլ անձանց` մինչեւ անգամ իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք հարազատ ենք միշտ մեր կողմից ստորագրված փաստաթղթերին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ