Լրահոս
Օրվա լրահոսը

Ասոցացման համաձայնագիրը կապվում է մարդու իրավունքների հետ

Փետրվար 01,2012 12:07

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը Բրյուսելում քննարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող զեկույցների նախագծեր։ Դրանք հաստատվելուց հետո կփոխանցվեն Հերման Վան Ռոմպոյի նախագահած Եվրոպական խորհրդին, Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության արտաքին գործողության ծառայությանը` երկու երկրների հետ ասոցացման բանակցություններում կիրառելու համար։ 

Ինչպես հայտնում է Բրյուսելում հավատարմագրված «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Ջոզվիակը, այդ քննարկումներին Հայաստանից եւ Ադրբեջանից գործուղված պաշտոնյաներ չեն եղել։

Համաձայնագրերի առանցքային պահանջները վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում երկու երկրների ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Այստեղ հայ եւ ադրբեջանցի ղեկավարների համար հետաքրքրություն ներկայացնող քաղաքական գործոն կա։

«Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ստորագրվելիք փաստաթղթերը պետք է լիովին համապատասխանեն միջազգային օրենքներին, եւ Ադրբեջանի պարագայում այն վերաբերելու է Ադրբեջանի ամբողջ տարածքին։ Մյուս կողմից, այդ օրինագծում Լեռնային Ղարաբաղի հիշատակում ընդհանրապես չկա», –  ասել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Հայաստանի մասով զեկույցի օրինագիծը ներկայացրել է լեհ օրենսդիր Թոմաշ Պյոտր Պորեբան, ով նշել է, որ Հայաստանում կա որոշակի առաջընթաց, կան նաեւ չլուծված խնդիրներ։ Փորձաքարը կլինի մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունը։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական է գնահատել անցյալ տարվա մայիսին Հայաստանումհայտարարված համաներումը։

Նախագծում ասվում է, որ Ասոցացման համաձայնագիրը ենթադրում է մարդու հիմնարար իրավունքների, քաղաքացիական հասարակարգի, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ անդադար պայքարի եւ մամուլի ազատության երաշխավորում։

Հանձնաժողովը Հայաստանին հորդորում է նպաստել օմբուդսմենի գրասենյակի աշխատանքին, ընդգծում է անկախ դատական համակարգի, քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու, հետաքննական լրագրության ապահով եւ բարենպաստ դաշտ ստեղծելու կարեւորությունը։

Հանձնաժողովը հորդորում է ապահովել տեղեկատվություն ստանալու եւ սոցիալական մեդիայից օգտվելու քաղաքացիների իրավունքը։

Հանձնաժողովը Հայաստանին հորդորում է վավերացնել Միջազգային քրեական դատարանի պայմանագիրը։

Իսկ անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Պյոտր Պորեբան ասել է, որ հարկ է  զգուշավորություն դրսեւորել, Եվրամիությունը չպետք է բացի «Պանդորայի արկղը», գիտակցելով, որ խնդրով ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է զբաղվում։

Եվրոպացի օրենսդիրները նշել են, որ Հայաստանի տնտեսական իրական զարգացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիային դադարեցնի շրջափակումը։

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829