Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներկոալիցիոն լեզվակռվից չեն շահի ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ՀՀԿ-ն

Փետրվար 01,2012 11:35

Հանրապետական կուսակցության ու «Բարգավաճ Հայաստանի» մի քանի ներկայացուցիչներ նախօրեին «ասեղափուչիկային» հայտարարություններ փոխանակեցին։ Տպավորությունն այնպիսին է, թե իշխող կոալիցիա կազմած երեք կուսակցություններից առնվազն երկուսը սրամտության մրցույթ են սկսել։
Դեռ լավ է, որ ինչ-որ պահի, հուսանք, փոխադարձաբար, հասկացան, որ պետք է դադար առնել։ Բայց սիրալիրությունների փոխանակման փաստը ինքնին որոշակի դիտարկումների տեղիք է տալիս։
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն առաջիկա ԱԺ ընտրություններին առանձին-առանձին են մասնակցելու։ Դա նրանց ինքնըստինքյան վեր է ածում մրցակիցների։ Սակայն առաջիկայում որքան էլ սուր մրցակցություն ծավալվի, կարծում ենք, առնվազն կոալիցիոն ուժերը՝ ՕԵԿ-ը, մանավանդ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պետք է կարողանան բավարար քաղաքական իմաստնություն դրսեւորել եւ մնալ պատշաճության ու հանդուրժողականության որոշակի սահմաններում։
Առավել եւս կոալիցիոն կուսակցությունների պարագայում նման մոտեցումը հստակ շարադրված ու կարգավորված է մոտ մեկ տարի առաջ՝ 2011թ. փետրվարի 17-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ ստորագրված «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն» փաստաթղթում։
Այլ կերպ ասած, նույնիսկ հետագա, հիմա արդեն՝ առաջիկա մրցակցության գլխավոր սկզբունքների հարցը, ըստ էության, կարգավորված է, կողմերին մնում է միայն պահպանել արդեն իսկ համաձայնեցված, կուսակցությունների ղեկավարների ստորագրություններով ամրագրված «մրցակցային կանոնները»։
Թերեւս արժե հիշեցնել. «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:
Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետեւողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին»:
Սա, կարելի է ասել, փաստաթղթավորված քաղաքական պայմանավորվածություն է։ Կոալիցիայի անդամներից ոչ մեկը չի հայտարարել կոալիցիոն հուշագրից հրաժարվելու մասին (ինչպես, օրինակ, ՀՅ Դաշնակցությունը հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից ու անցավ ընդդիմության շարքերը)։ Ավելին՝ դատելով զարգացումներից, կոալիցիայից դուրս գալու հստակ ձեւակերպված ու քաղաքականապես հիմնավորված ցանկություն չունի կոալիցիոն երեք կուսակցություններից եւ ոչ մեկը։
Հետեւաբար եթե չկա այլ որոշում, իսկ կայացված համաձայնությունն էլ գործում է, ապա պետք է չշեղվել դրա պայմաններից ու պահանջներից։ Այսինքն՝ իսկապես չարժե թեկուզ նման՝ «սրամտության մրցույթի» տարբերակով ծանրութեթեւ անել միմյանց քաղաքական կշիռը։

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829