Այսօր մի խումբ լրագրողներ, ովքեր լուսաբանում են ՀՀ Ազգային ժողովի աշխատանքները, պատրաստվում են հանդիպել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին եւ նրան ներկայացնել իրենց հայտարարության տեքստը, որի տակ երեկ ժամը 22.30-ի դրությամբ ստորագրել էր 61 լրագրող՝ առաջատար թերթերից, էլեկտրոնային կայքերից, ինչպես նաեւ հանրությանը հայտնի հեռուստամեկնաբաններ եւ օպերատորներ։ Հայտարարության տեքստն ընդունվել է ի պաշտպանություն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի, որին Սամվել Նիկոյանն ագատել է աշխատանքից։
Ի դեպ, համաձայն պետական ծառայության մասին օրենքի՝ Պողոսյանի պաշտոնին կամ պետք է արտամրցութային կարգով վարչաթյան աշխատակիցներից մեկը նշանակվի, կամ էլ պետք է մրցույթ հայտարարվի։ Այսինքն՝ որեւէ մեկը չի կարող այնտեղ պայմանագրով աշխատել, այդ թվում նաեւ Սամվել Նիկոյանի օգնականներից կամ խորհրդականներից որեւէ մեկը։
Ավելացնենք նաեւ, որ Գոհար Պողոսյանին «մեղադրում են» աշխատանքի չգալու համար կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնելու մեջ։ Իսկ թե ինչո՞ւ է ԱԺ ղեկավարությունը տարիներ շարունակ աչք փակում խրոնիկ հիվանդ պատգամավորների, նրանց բացակայությունների, ըստ այդմ՝ որպես հարգելի պատճառ ներկայացված կեղծ բժշկական տեղեկանքների վրա, կփորձենք վաղը պարզել հենց Սամվել Նիկոյանից:
«Չորրորդ ինքնիշխանություն»