ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ Քաղաքական հարցերի գրասենյակը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի խորհրդարանի Սենատի 76 անդամ երեկ դիմել են երկրի Սահմանադրական Խորհուրդ՝ վիճարկելով Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունները, (ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում) քրեականացնող Սենատի հունվարի 23-ին ընդունած օրինագիծը։ Նույն նպատակով Սահմանադրական խորհրդին են դիմել Ազգային Ժողովի 65 պատգամավորներ։
Ֆրանսիական օրենսդրության համաձայն, նախագահ Սարկոզին կարող էր Ազգային Ժողովի եւ Սենատի կողմից հաստատված օրինագիծը ստորագրեր եւ օրենքի վերածեր հունվարի 24-ից մինչ 31-ը. «Սակայն, նախագահ Սարկոզին նախընտրել է սպասել մինչեւ իր իրավասության 15-օրյա ժամկետի ավարտը, ինչն էլ հնարավորություն է տվել, որ օրինագծի ընդդիմախոսները ակտիվանան եւ դիմեն Սահմանադրական խորհուրդ։
Ինն անդամներից (ներառյալ՝ Հանրապետության նախկին երկու նախագահները, ի պաշտոնե) բաղկացած Սահմանադրական խորհուրդը պարտավոր է օրինագծի Սահմանադրության համապատասխանելու մասին իր տեսակետը հայտնել մեկ ամսվա ընթացքում։ Սակայն, մեկ ամիսը կարող է փոխվել 8 օրվա, եթե կառավարությունը հանդես գա նման պահանջով: Սահմանադրական խորհրդի կարող է ընդունել երեք հնարավոր որոշումներից մեկը.
- Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Այս դեպքում Հանրապետության նախագահի ստորագրությունից հետո այն կդառնա օրենք:
- Օրինագծի ինչ որ մասով կամ մասերով չի համապատասխանում Սահմանադրությանը: Այս դէպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային Ժողով, այն բարեփոխելու եւ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Այս տարբերակը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մեկ ամսից Ազգային Ժողովը կմեկնի արձակուրդ, որպեսզի նախապատրաստվի նախագահական ընտրություններին:
- Օրինագիծը ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն այլևս չի քննարկվի և օրենքի ուժ չի ստանա, եթե Հանրապետության նախագահը չպնդի որ հարցը դարձյալ մտնի Ազգային Ժողով»:
Հունվարի 31-ից սկսած ինչեւ մեկ ամիս, մինչեւ Սահմանադրական խորհրդի որոշում կայացնելը, նախագահ Սարկոզին չի կարող ստորագրել օրենքը։
Կարդացեք նաև
Սահմանադրական խորհրդին դիմող Սենատի անդամների մեծ մասը ծայրահեղ ձախ կուսակցություններից (կոմունիստներ, մարքսիստներ, եւ այլն) եւ նախկին Կանաչներից (այժմ՝ Էկոլոգիականներ) են: Հաջորդ մեծ խումբը՝ կենտրոն աջ կուսակցություններից են: Կան նաեւ Սարկոզիի իշխող կուսակցությունից (UMP) եւ սոցիալիստներից պատգամավորներ։ Ազգային
ժողովից դիմողների մեծ մասը՝ Սարկոզիի կուսակցության անդամ, բայց Սակոզիի հակառակ խմբակցության պատկանող պատգամավորներ են։