Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Իվանովի 10 տան բնակիչ, 32-ամյա Նավասարդ Աբգարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նրան հայտնաբերել են իր տանը։ Դիլիջանում ֆոտոլրագրողին պատմել են, որ Ն. Աբգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր–ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ) հատկանիշներով։
2011 թ. հուլիսին Դիլիջան քաղաքում գտնվող «Արտեմիս» ռեստորանային համալիրում ծեծի է ենթարկվում մատուցողուհին։ Այդ օրը նշված ռեստորանում ծնունդ էր տեղի ունենում, որի ժամանակ էլ տեղի է ունենում կենցաղային հարցերի շուրջ ծեծկռտուք և այդ ժամանակ Ն. Աբգարյանն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակում և դիմում փախուստի։ Դիլիջանցիները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ Ն. Աբգարյանը «Հաղարծին» հյուրանոցի սեփականատերն է։ Այս գործով ոստիկաններն արդեն հայտնաբերել են 5 անձի։ Կրակոցների արդյունքում վնասվել էր նաև ջիպ մակնիշի ավտոմեքենան։