Այսօր Aravot.am-ը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանից հետաքրքվեց, թե ինչքա՞ն աշխատավարձ է հարկավոր տալ դասախոսներին` բուհական կոռուպցիային վերջ դնելու համար:
Ինչպես հայտնի է` կիրակի օրը առաջին անգամ 77-ամյա բուհի պատմության մեջ անպատվաբեր մի փաստ գրանցվեց. հեռակա բաժնում սովորող ու դասի չհաճախող ուսանողից 150 հազար դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվեց ինստիտուտի 45 տարվա աշխատողներից մեկը. մանկավարժության ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանը:
Նկատենք նաև, որ խոշոր հարկատու համարվող այս կառույցը վերջերս հայտնվել է ճգնաժամի մեջ. դպրոցներից դիմորդներ չլինելու, ինչպես նաև Շիրակում այլևս մարդ չմնալու պատճառով ոչ միայն ինստիտուտի բաժիններ են փակվում, օրինակ` լրագրությունը, ֆրանսերենը, գերմաներենը, երգ-երաժշտությունը, այլևս նվազել է դասախոսների աշխատավարձը: Այն որոշ դեպքերում ցածր է հանրապետությունում սահմանված նավազագույն աշխատավարձի չափից:
Չնայած այս վիճակին, բուհի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կարծում է, որ կաշառակեր լինելը մարդու տեսակ է, և դա այնքան էլ կապված չէ ցածր աշխատավարձի հետ: «Գիտեք, փողը երբևիցէ մարդուն չի բավարարում, դա մարդու տեսակից է: Էդ միլիարդատերերին գնացեք հարցրեք, իրենք հազարավոր բանկերում պարտք ունեն, որովհետև իրենց գործունեության ծավալը էնքան մեծ է, որ իրենք չեն կարող իրենց ունեցած գումարներով էդ ծավալը ապահովել` վարկեր են վերցնում, չկա էդ միլիարդատերերից մեկը, որ մեծ վարկերի տակ չլինի: Այսինքն իսկապես փողը երբևիցէ մարդուն չի բավարարում, ուղղակի մարդը պիտի ունենա իր չափը, չեմ ասում, թե մեր ինստիտուտում էնքան է աշխատավարձը, որ բոլորը կարող են իրենց սոցիալական հարցերը լուծել, բայց որ համեմատում ենք սովորական քաղաքացու հետ, մենք գոնե կայուն աշխատանք ունենք: Բայց պատերացրեք աշխատանք չունեցող քաղաքացու վիճակը, նա ընդամենը նպաստի հույսին է»,-ասում է ռեկտորը:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից այս պահին բուհում կատարվող ստուգումների, դեկան Արտաշես Մկոյանի ձերբակալման ու որոշ քաղաքական խնդիրների շուրջ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի հետ մեր բացառիկ հարցազրույցը ընթերցեք տպագիր «Առավոտ»-ի առաջիկա համարում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ