Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց:
Հունվարի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսված դատական նիստին ներկա էին գործով ամբաստանյալները, մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը, ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը եւ ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը: Չէին ներկայացել տուժողի իրավաջորդ Ծովինար Նազարյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը եւ Ազատ Շահբազյանը:
Նորակառույց դատարանի դահլիճում ոստիկանները եւ դատական կարգադրիչները ուժեղացված ծառայություն էին իրականացնում, Իջեւանի դատական կարգադրիչներին միացել էին Բերդ քաղաքից նրանց գործընկերները: Դատական նիստը նկարահանում էր պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագիրը:
Ամբաստանյալներ Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպաններ Ալվարդ Մնացականյանի եւ Ազատ Շահբազյանի բացակայության պատճառները ամբաստանյալները չգիտեին: Նրանք ասացին, որ համաձայն չեն իրենց պաշտպանների բացակայությամբ նիստի կայացմանը: Դատարանն արձանագրեց դատական նիստերին պաշտպաններ Ազատ Շահբազյանի եւ Ալվարդ Մնացականյանի երկրորդ անհարգելի բացակայությունը: Նիստը նախահագող Սամվել Մարդանյանն ասաց, որ ամբաստանյալների պաշտպանների երրորդ անհարգելի բացակայության դեպքում Քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսում է ամբաստանյալների կողմից իրենց պաշտպանների փոփոխություն կամ դատարանի միջոցով հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպանների ներգրավում: Դատարանը անհարգելի համարեց նաեւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, վերջինիս ներկայացուցիչներ Մուշեղ Շուշանյանի եւ Ռուբեն Մարտիրոսյանի բացակայությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 7-ը, ժամը 14-ը:
Կարդացեք նաև
Նկատենք, որ մի քանի օր առաջ կայացած ասուլիսում Ծովինար Նազարյանը, նրա իրավահաջորդը եւ պաշտպաններ Շահբազյանն ու Մնացականյանը հայտարարել էին, որ բոյկոտելու են նիստերը, մինչեւ դրանք կրկին չտեղափոխվեն Երեւան: Ըստ նրանց` գործը Իջեւան տեղափոխելը միայն մի նպատակ ուներ` կոծկել այն, իրականացնել չարդարադատություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ