Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները պնդում են, որ Սամվել Ալեքսանյանը ակտիվ քաղաքական գործիչ է, ոչ թե գործարար

Հունվար 31,2012 19:32

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ գործարարությունն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն՝ տարբեր պատգամավորների կողմից տարբեր կերպ է ընկալվում:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը մեկնաբանեց, որ եթե կան գործարարներ, որոնք քաղաքական շահեր ու հետաքրքրություններ ունեն, ցանկություն ունեն նաեւ զբաղվել քաղաքականությամբ, ապա այդ ցանկությունը հնարավոր չէ սահմանափակել. «Նախագահը չի ասել, որ գործարարները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Այսինքն՝ մարդը պետք է դադարի զբաղվել գործարարությամբ եւ միայն պետք է զբաղվի քաղաքականությամբ»:

Մեր հարցին՝ բա ինչպե՞ս են վերահսկելու` դադարեցրե՞լ է զբաղվել գործարարությամբ, չէ՞ որ հիմա էլ նրանց բիզնեսներն իրենց անուններով չեն, Արտակ Զաքարյանն ասաց. «Եթե մարդը զբաղվում է քաղաքականությամբ, ակտիվ քաղաքական գործիչ է՝ քաղաքական համակարգին դա է պետք, հիմա ես էլ դասախոս եմ, ո՞նց եք վերահսկելու, ի՞նչ խնդիր կա: Չի կարելի միանշանակ ասել, որ նրանք սեփական բիզնեսն են առաջ տանում, նրանք երկրի բիզնեսը, երկրի տնտեսությունն են առաջ տանում, այ մեր ամբողջ դժբախտությունը, որ քաղաքացիական հասարակություն չի ձեւավորվում, հենց դրանում է, որ փորձում ենք միշտ դիմացինին մեղավոր ճանաչել ինչ-որ հարցերում, այդպես չի: Մեծամասնականով ընտրված անձը, կլինի գործարար, տիեզերագնաց, թե բժիշկ՝ սահմանադրությունը որեւէ մեկին չի արգելում, իսկ համամասնական ցուցակը քաղաքական ցուցակ է, որը կազմվում է բացառապես քաղաքական գործիչներից»: Մեր հարցին՝ փաստորեն, դարձյա՞լ չի բացառվում, որ ՀՀԿ-ի ցուցակում կլինեն գործարարներ, որոնք կասեն,  թե հրաժարվել են բիզնեսներից ու որոշել են միայն քաղաքականությամբ զբաղվել՝ պարոն Զաքարյանը միանգամից ճշտեց՝ այսինքն ո՞վ է գործարար: Մենք օրինակի համար նշեցինք Սամվել Ալեքսանյանին. «Ես կարծում եմ, որ մարդը քաղաքական գործիչ է, նա ակտիվ մասնակցում է քաղաքական որոշումների կայացմանը, որեւէ մեկն իրավունք չունի արգելել նրան՝ մասնակցելու ընտրությանը»:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ Սամվել Ալեքսանյանը, իրոք, քաղաքական գործիչ է. «Իրոք, դա այդպես է, չի եղել քաղաքական գործընթաց, որտեղ ինքը հրապարակային չէ, բայց կազմակերպչական առումով չմասնակցի: Ես չեմ  համարում, որ մարդը եթե մի հարց տվեց Ազգային ժողովում՝ ուրեմն նա ակտիվ է: ԱԺ պատգամավորի խնդիրն է, որ ճիշտ քվեարկի, մասնակցի, իսկ ամբիոններից խոսելը՝ ես դրանով չեմ չափում Ազգային ժողովի պատգամավորի ակտիվությունը, որովհետեւ հանձնաժողովներում ավելի լուրջ խնդիրներ կան: Ալեքսանյանը գուցե ամբիոնների մոտ կարծիք հայտնելու հարցում ակտիվ չէ, բայց հասարակական-քաղաքական հարցում մեծ ակտիվություն ունի, ինքը շփվում է հասարակության հետ, գործարար կա, որ ինքը իր գործարանն ու իր բիզնեսը, բայց ինքը շփվում է, ինքը մասնակցում է ընտրություններին, ունի սխեմաներ, շփվում է հասարակության հետ եւ այդ առումով տարբերվում է մնացած գործարարներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031