Հունվարի 31-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ: Ըստ խորհրդարանի պաշտոնական կայքէջի՝ Առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց առաջ հյուրերին հետաքրքրում էին օրենսդրության վերաբերյալ որոշ հարցադրումներ:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը արժանացած Ընտրական օրենսգրքին` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ հանրությանը հուզող բազմաթիվ խնդրահարույց հարցեր օրենսգրքի լրամշակմամբ լուծում են ստացել: Նրա գնահատմամբ` օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ կանխարգելիչ մեխանիզմներ: Օրենսգրքով ԿԸՀ-ի համար նախատեսվել է դիմում-բողոքների վերաբերյալ վարչական որոշումներ կայացնելու ընթացակարգ, ինչի բացակայությունից նախկինում իրենց դժգոհությունն էին հայտնել տեղական եւ միջազգային դիտորդները: Ընտրական օրենսգրքում կատարված մեկ այլ կարեւոր փոփոխությամբ Հեռուստաընկերության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մեթոդներ պետք է մշակի` ընտրարշավի լուսաբանումը մոնիթորինգի ենթարկելու համար:
Դավիթ Հարությունյանը խոսեց նաեւ մեծամասնական ընտրակարգը վերացնելու ընդդիմության առաջարկից: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում իր գլխավորած հանձնաժողովը կանդրադառնա այս հարցի առնչությամբ խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկին: Պարոն Հարությունյանը, անդրադառնալով դիտորդական առաքելությունների դերին եւ նշանակությանը, կարեւորեց դիտորդների պատրաստվածությունը` նշելով, որ հատկապես կարճաժամկետ դիտորդները հաճախ տեղյակ չեն լինում տվյալ երկրի օրենսդրությանը: