Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանին հարցրեց՝ ճի՞շտ են լուրերը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս ընտրություններին չի ուզում եւ թույլ չի տալիս, որ իր եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը մասնակցի, որովհետեւ այդ մասին մամուլում արդեն քննարկումներ կան: Նա չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել՝ ասելով, որ մամուլը երբեմն բաներ է գրում, որոնց պետք չէ մեկնաբանություն տալ. «Գրեք «no comment» ու վերջացավ: Ալեքսանդր Սարգսյանը կհետաքրքրի միայն իր ընտրողներին, իսկ իր ընտրողների համար նա շատ բան է արել»: Մեր դիտարկմանը՝ գուցե մե՞նք էլ ենք նրա ընտրազանգվածը եւ ուզում ենք իմանալ՝ գնալո՞ւ է նա ընտրությունների, թե՞ չի գնալու՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ դա, կուսակցության որոշելիքն է»:
ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Լեռնիկ Ալեքսանյանը, մեր զրույցում, ճիշտ է, ասաց, թե դեռեւս չկա քաղաքական որոշում, որ Սաշիկ Սարգսյանը չպետք է մասնակցի ընտրություններին, բայց ինքը գիտի հանրապետության նախագահի կարծիքը. «Ինքը ընդհանրապես գործարարներին չի արգելում կոպիտ ձեւով, բայց իր ցանկությունն է, որ այն մարդիկ, որոնք իրոք գործարար են՝ չլինեն, ես կարծում եմ, որ դա կվերաբերի նաեւ իր եղբորը»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, դուք է՞լ եք գտնում, որ նա ավելի շատ գործարար է, քան քաղաքական գործիչ՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Դա նեղ բան է, ես չգիտեմ: Բայց գիտեմ, որ Սաշիկ Սարգսյանն ինքը ցանկություն չունի, ես Լեւոն Սարգսյանի կայքում կա՝ նայել եմ, այսինքն՝ դա ընդհանուր տենդենց է, եւ կարծում եմ՝ նախագահի եղբայրներն ավելի օրինակ կծառայեն դրան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև