Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աստծո շաղ տված թաշկինակները

Հունվար 31,2012 17:22

  ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

  /Հատվածներ վեպից/

 Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:

                                                                                                                     Լոգաու

Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:

                                                                                                                   Ջոն Դոն

 …Ու թուրքի պառավն ասաց` եվ Աստված կանգնել ու բուռ արել ու բռերով շաղ է տվել: Բռերով շաղ է տվել մարդկանց` լավ, վատ, գեշ, սիրուն, հաբռգած, պարկեշտ, կրթված, անկիրթ: Ու մարդկանց էդ տեսակներից` բուռ-բուռ արել, երկրով-մեկ  շաղ է տվել: Ու Աստված բոլորին, բոլորին ամեն-ինչով «զորել է»: Նա իր կողմից բռերով երկիր նետված տեսակ-տեսակ մարդկանց, ամեն-ինչով «զորել է». վախ, ներշնչում, ուժ, համարձակություն, վհատություն, հզորություն, վախկոտություն, նենգություն, մաղձ-չարություն… Ու Աստված ամեն-ինչը հավասարաչափ է բաժանել այս երկրի վրա: Հավասարաչափ է բաժանել: Ու ըստ այդմ՝ բութերին մի ոտ առաջ է գցել: Մի ոտ առաջ է գցել բութերին ու ճապաղներին: Ու բութերին ու ճապաղներին մի բուռ ոսկի  ավել է տվել: Բութերին ու ճապաղներին մի բուռ ոսկի միշտ ավել է տալիս: Եվ ամեն-ինչը հավասարաչափ չբաժանելու եւ բութերին մի բուռ ավել ոսկի մնացածներիս համեմատ չտալու դեպքում, ապա ի՞նչ է լինելու նրանց վիճակը մեր մեջ ու մեր արանքներում: Եվ, եթե բութն ու ճապաղը, հաճկատար-ճապաղը մեզանից ավել մի բուռ ոսկի չստացավ, ապա խելք չունենալու ու ճապաղ  մտքերի պայմաններում, ո՞րն է լինելու նրանց դերն ու ի՞նչ է լինելու նրանց վիճակը մեր արանքներում ու մեր մեջ: Ի՞նչ է լինելու նրանց վիճակը անխելք իրենց հալով առանց նյութականի մեր արանքներում ու մեր մեջ: Եվ Աստված ճապաղ-ուղեղներին սուր լեզու ու ստորաքարշ-անդեմ-վախկոտ կերպարով կերպավորել ու փոքրի՜կ-փոքրիկ եւ մե՜ծ-մեծ իշխանություններով է օծել ու օժտել: Ու, եթե Աստված սրանց այդ առավելությունը չտար, ապա ի՞նչ է լինելու նրանց վիճակը մեր մեջ ու մեր արանքներում առանց ճտվտան-«տակից դուրս եկող» սուր լեզվի ու առանց անամոթ-անաբուռ ստորաքարշության: Ի՞նչ է լինելու նրանց վիճակը մեր մեջ ու մեր արանքներում: Եվ պառավն ասաց`  եւ բութերն ու ճապաղներն ու ստորաքարշները  երկրիս վրա՝ առիթն ու պատճառն են, նրանք երկրիս վրա առիթն ու պատճառն են նույն Աստծո ազնիվների-մաքուրների ճակատագրի խեղման համար: Նրանք, էս կարճ կյանքում, իրենց բութ-նեղմիտի կարճամտությամբ շատ հաջողորեն կարողանում են էս կյանքի մի շարք լուսապայծառների կյանքի խեղման ու ճակատագրի խեղման պատճառն ու առիթը  լինել ու դառնալ: Կարողանում են: Նրանք իրենց բթությամբ հանդերձ, սակայն` կարողանում են: Ու թուրքի-բախտագուշակ պառավը նորից ընդգծեց դեղնած մատներով դեղնած չիբուխը դեղնած-սեւացած շրթունքներին տանելով ու ասաց, ասաց՝ այո՛, Աստված, բոլորիս հավասարաչափ-հավասար է նայում, հավասարաչափ ու հավասար է նայում,  եւ ասաց` եթե բութին ու ճապաղին մեզանից ավել մի բուռ ոսկի չտա իրենց հում հալով ու կյանք տեսածի նկատմամբ բութի արված իրենց ինտրիգներն ու շանտաժը չտա, ապա ի՞նչ են անելու նրանք մեր արանքներում ու մեր մեջ իրենց ճապաղ ու բութ հալով: Եվ, եթե անգրագետին` իր բութի ու տհասի համառությամբ` հաջողակին ու կրթվածին արգելք դառնալու մարմաջը չտա, ապա ի՞նչ է անելու անգրագետ ու անկիրթ հալով նա մեր մեջ ու մեր արանքներում: Եվ, երկատվածներին, եթե երեսպաշտությունը չտա, ապա սազան-ձկներն ինչպե՞ս են ոլոր-մոլոր ու ծռմռվելով պար տալու-լող բռնելու մեր առաջ ու պղտոր ջրերում-լճերի հատակին: Ու պառավը ծանր հառաչեց ու ասաց` ո՞րն է լինելու նրանց դերն իրենց միջավայրում ու շրջապատում ու էս աշխարհում: Ո՞րն է նրանց դերն էս աշխարհում: ՈՒ նա ասաց` Աստված ինչպե՞ս ուրիշի տուն քանդողների ձեռքը քլունգ չտա: Ու հետո, խորթ ու խենթ քմծիծաղեց ու ասաց` ամե՜ն ինչ, ամե՜ն ինչ այս երկրի վրա նա արդար է անում ու գործում: Եվ ամե՜ն-մեկիս նկատմամբ` հավասարաչափ: Ու հետո, մի գիշերվա մեջ ու մի օրում, ուրիշի տուն քանդողների ձեռքից մեկիկ-մեկիկ այդ քլունգներն առնում-հավաքում եւ երկրիս վրա ու մեր միջով քայլող իր «հրեշտակապետերին» է հանձնում: ՈՒ երկրիս վրա քայլող իր «հրեշտակապետերին» է հանձնում: Եվ սրանք արդեն, որպես մի-մի երդում կերած-արդարություն փնտրող զինվորներ` եթե հաջորդ օրն էլ չէ ու, եթե տուն քանդողներին էլ չէ, ապա սրանց շառավիղ-գերդաստանների սերունդների հարմար տեղերում` տեղավորում են այդ քլունգները: Տեղավորում են: Իրենց ուզած հարմար ձեւով` չարն ու չարիք գործողի քոքը կտրում` ու տեղավորում են: Մի օր ու մի գիշերում` հարմար մի գեղեցիկ պահի. Աստված այդպես է կամենում:

Ու թուրքի պառավն ասաց` ու երկրիս վրա` բութն ու չարը նույնն են. հնարավոր չէ, որ բութը չար չլինի ու չարը` բութ չլինի: Սրանք նույնն են երկրիս վրա մեր առաջ ու մեր Աստծո առաջ: Ու երկրիս վրա, որ չարերը չլինեն, ու որ` օր-օրի, տարեցտարի, ժամանակ առ ժամանակ, դարաշրջան առ դարաշրջան` սրանք իրենցից չարացած զավակներ չծնեն ու մեր ջանին կապեն ու սերունդ չտան, ապա մարդիկ ու մարդկությունն անհավես ու ծույլ ու անհետաքրքիր կապրեր, անհավես ու անհեռակա կապրեր: Որովհետեւ, Աստծո ստեղծած ասուն-իր հալով, անդարդ ու անցավ, անասունի նման կապրեր: Ու պառավն ասաց` եւ սուտ է էն ասույթը, թե` «չարիքը ջորի է. նա համառ է ու անպտուղ», ու պառավը ժխտելու նման գլուխը տարավ-բերեց շրթունքները սեղմած-աչքերը կիսախուփ ու ասաց` սուտ է, ափսոս, բայց չարիքը պտուղ է տալիս, նա պտուղ է տալիս մեր միջով ու մեր ժամանակի մեջ: Նա պտուղ է տալիս մեր միջով ու մեր ժամանակի մեջ: Եվ «անպտուղ» չարագործներն են ցավ բերում երկրիս ու մարդկությանը: Համառ ու անպտուղ չարագործներն են ցավ բերում երկրիս ու մարդկությանը: Ու զարմանալի բան է. նրանք իրենց չարագործությամբ` չեն թողնում մարդկությունը ծույլ դանթի: Չեն թողնում: Եվ չարագործներից թոթափվող ու թոթափվել փորձող մարդիկ ու մարդկությունը` երկրիս բարիները, չարագործներից ստացած ցավերից չոքած հեծեծալով ու հառաչելով, մարդկությանը դեպի բարին տանելու, դեպի գթաշարժության ու խղճմտանքի միջավայր մղելու ցանկությունից ու նկրտումներից, գեթ մեկ րոպե անգամ չեն նահանջում, գեթ մեկ րոպե անգամ ու գեթ մեկ քայլ անգամ չեն ընկրկում: Չեն ընկրկում: Եվ Աստծո կողմից երկրիս վրա բուռ-բուռ շաղ տված չարագործներն ու բարիները` էէէ՜, դարեդար, ժամանակներ ու ժամանակաշրջանների բերած պատմությունների մեջ փաթաթված, պայքար են մղում մեկ-մեկու դեմ, պայքար են մղում իրարու դեմ: Եվ չարի ու բարու պայքարը մշտական ու անվերջ է լինելու երկրիս վրա, ու տառապալից ու խեղդող-ցավով է լինելու: Ու մշտական ու անվերջ է լինելու չարի ու բարու պայքարը երկրիս վրա, մշտական ու անվերջ է լինելու: Որովհետեւ, Աստված կամենում է, որ մարդկությունը անհոգ թմբիրի ու ծույլ-ձանձրույթի մեջ չապրի երկրիս վրա: Նա չի կամենում անդեմ մարդկություն ունենալ երկրիս վրա: Ու երկրիս վրա բոլո՜ր տառապանքները` չարագործների բերածն է: Նրանց բերածն է: Այդ չարագործների ձեռքով արված հարվածներից է, որ բարիները, ցավի մեջ խեղդված, նոր պայքարի են ելնում: Ազատ ապրելու եւ ազատություն ունենալու-ստանալու նոր մտմտումների են անցնում: Նոր մտմտումների են անցնում: Եվ աշխարհիս վրա, երկրիս վրա բոլո՜ր չարագրոծները, բոլո՜ր չարագործները` Աստծո կողմից օդում շունչ արված, բայց նաեւ որպես իրենց պահապան, Աստծո կողմից Աստծո ձեռքն ունեն իրենց գլխներին դրված: Օդում չանչ արված Աստծո պահապան ձեռքն ունեն իրենց գլխներին պահած: Ու պառավն ասաց` եւ, եթե նկատել եք, ապա բութերն ու անգրագետները, միշտ մի քայլ վերեւում են, միշտ մի քայլ վերեւում են, ու բութի համառությամբ եւ տնաքանդի ատելությամբ, արգելք են հանդիսանում, արգելք են դառնում կրթվածներին ու գրագետներին ու բարեպաշտներին ու պարկեշտներին: Սրանք իրենց բութի ու անգրագետի համառությամբ, միշտ մի քայլ վերեւ գտնվելով ու վերեւ գլորվելով՝ արգելք են դառնում ամեն-մի լավին: Արգելք են բերում ամեն-մի լավին: Եվ ձանձրույթ ու տաղտկություն են բերում շրջապատին ու միջավայրին: Բութի իրենց համառությամբ` թմբիրի մեջ են կոխում շրջապատն ու միջավայրը: Թմբիրի մեջ են պահում: Եվ պառավն ասաց` պատերազմներն էլ է դրանից սկսվում. մաքուր-լուսավոր-անաղարտը, դժվար, թե վիզ ծռի բութի տարածած մթությանը: Դժվար, թե վիզ ծռի: Ըմբոստն այդպես է ծլում մոր արգանդից ու հողից: Ու բոլո՜ր լուսավոր-բարեպաշտ մայրերն, իրենց մեղքի բաժինն ունեն իրենց ըմբոստ զավակների ճակատագրի կերտման մեջ ու համար: Եվ բոլո՜ր լուսավոր մայրերը, բոլո՜ր տնաքանդ-վախկոտ-բութերի մայրերից վեր են կանգնած, բայց բարեպաշտ մայրեր լինելով հանդերձ, իրենց լուսավոր-մտածում-դաստիարակությունով, մի մե՜ծ մեղք են գործել էս աշխարհում, մի մե՜ծ մեղք են գործում էս աշխարհում, մի մե՜ծ մեղք են գործում էս աշխարհում իրենց ըմբոստ զավակների առաջ: Բոլո՜ր լուսավոր մայրերն իրենց ըմբոստ զավակների առաջ մի մե՜ծ մեղք են գործում էս աշխարհում: Որովհետեւ` բութ չեն մեծացնում, անգրագետ-անկիրթ չեն մեծացնում, երեսպաշտ-անդեմ չեն մեծացնում, կծվահոտով չեն մեծացնում իրենց զավակներին: Եվ իրենց զավակների ճակատներին` լույս ու համարձակություն, շեշտակի խոսք ու սկզբունքայնություն, մաքրություն ու անաղարտություն, ըմբոստի ու անվախի ոգի դաջելով ու ճակատներին մայրական սիրով-մատով խաչ գծելով՝ մրուրի ու խարդավանքների, փորսուղ-էշի տղերքի ու անկյալների, բութերի ու ճապաղ-ուղեղ-համբալների արանքն են կոխում. դե գնա, ու ապրիր ճապաղ-մտքերի անհասկանալիորեն իրենց ի վերուստ տրված-լավ սարքված որոգայթներում: Դե գնա, ու ապրիր: Ու պառավն ասաց` ամե՜ն-ինչ, ամե՜ն-ինչ Աստված հավասարաչափ է բաժանել այս երկրի վրա ու այս աշխարհում: Եվ այդ  ըմբոստների պայքարն է ճապաղների դեմ, որ այս կյանքն առաջ է տանում: Ու մեր գլխավերեվում լսվող բոլո՜ր այդ հառաչանք-թառաչանքները, մեր խոցոտված արի-ըմբոստ տղաների մայրերի պաշտպան հրեշտակների կողմից՝ որպես սփոփանք` չար մայրերին ուղղված անեծքներն են, անեծքներն են, որ՝ ամենժամյա, ամենօրյա տեւողությամբ ու ընդհատումներով` երկրիս ճապաղների ու նրանց մայրերի եւ նրանց գերդաստանների գլխին են թափվում: Եվ պառավն ասաց` ու չի կարելի, չի կարելի, չի կարելի` աստվածահաճո չէ, երբ տռզվածն ու անդարդը, փողի մեջ լող տվողը, օրեցօր ու ամենժամյա խեղդող-մտորումնրում, աղքատին ու կոպեկ հաշվողին, իր սարքած որոգայթներում խեղդել է փորձում, նրա ամեն-մի աննշան առաջընթացին ճապաղի ու տափուկի արգելքն է դառնում, արգելքն է դառնում: Աստվածահաճո չէ ու չի՛ կարելի` Աստված սա էլ է տեսնում: Աստված սա էլ է տեսնում: Բութերը պետք չէ, որ արգելանք դառնան լուսապայծառ տղաներին: Այդ մի բուռ ավել ոսկին, որ Աստված նրանց երեսին է շպրտել, այդ է նրանց պարծանքն ու ունեցածն էս կյանքում: Եվ աստվածահաճո չէ, երբ երեսին շպրտված մի բուռ ոսկին գրպանելով հանդերձ, նաեւ փորձում են բութի համառությամբ լուսապայծառներին արգելանք դառնալ ու երկիրս իրենց ճապաղ-բթությամբ պարփակել: Եվ, եթե բութն իր մեղքը չի գիտակցում, ապա Աստված ներող չէ նրա նկատմամբ: Ու երկրիս խորքերից ելնող հիստերիկ ծկլթոցները, հենց բութերի  մայրերի ծկլթոցներն են, նրանց մայրերի ծկլթոցներն են, որ հոռի բարքերով ու անգրագետ-հափռող ձեռքերով որդիներ դաստիարակել ու լուսապայծառների դեմ-հանդիման են պառկեցրել: Լուսապայծառների դեմ-հանդիման են պառկեցրել: Ու թուրքի պառավը լա՜վ իմացողի նման, ասաց, ասաց՝ ու նազիր-վեզիր տղաներն` իրենց կանանց վրա  չպիտի պառկեն` իրենց կանանց տակը պիտի պառկեն: Ու պառավը ճպպացրեց ծանր ու ասաց` եւ մի ոտ ներքեւ ու գոտկատեղից ներքեւ պիտի պառկեն: Ու պառավը լավ կյանք տեսածի ու կյանքը լավ գիտակցածի համառությամբ խոսքն առաջ տարավ ու ասաց` որովհետեւ` աստվածահաճո չէ, երբ տղամարդը՝ տղամարդու տակ է պառկում: Աստվածահաճո չէ՛: Իսկ առավելեւս, աստվածահաճո չէ, երբ տղամարդը՝ տղամարդու տակ պառկելուց հետո գնում եւ սեփական կնոջ վրա է փորձում պառկել: Ու պառավն ասաց` կինը մեղք է` երկու ծանրություն միանգամից չի կարող տանել` աստվածահաճո չէ: Եվ ճիշտ կլինի, որպեսզի այդպիսի տղամարդիկ, իրենց կնոջ տակը պառկեն` մի ոտ ներքեւ ու գոտկատեղից ներքեւ: Ու Աստված ամեն-ինչ տեսնում է, եւ տեսնում է, թե նրա շպրտված բուռ-բուռ ոսկիները, քսակից մեկ-մեկ հանելով, լպրծուն շրթունքներով, ի՜նչ լպստել են լպստում «տղամարդ»- իրենց հալով: Ի՜նչ լպստել են լպստում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031