Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի քաղաքապետը պատրաստ է գնել Թումանյանի բնակարանը

Հունվար 31,2012 17:15

Հունվարի 19-ին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Թբիլիսի` Հովհ. Թումանյանի բնակարանի վաճառքի հարցով պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լեւոն Անանյանը եւ Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը հայտնեցին  բնակարանի ճակատագրի վերջնական հանգուցալուծման մասին, իսկ «Էդիթ-Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանն ու «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ներկայացրին հետագայում ստեղծվելիք մշակութային կենտրոնի, մասնավորապես` թումանյանական գրադարանի  հետ կապված անելիքները:

Լ. Անանյանի տեղեկացմամբ` բնակարանի մի մասի սեփականատեր Արչիլ Լեժավան նորոգում է իրեն պատկանող 120 քմ.-ը`պատրաստվելով այնտեղ բնակություն հաստատել: Բանակցությունների արդյունքում սեփականատերը համաձայնվել է սպասել եւս մեկ ամիս, իսկ նրան պատկանող հատվածի արժեքը տատանվում է 100.000 դոլլարի սահմաններում:

Երեկ Լեւոն Անանյանը հանդիպել է Գյումրիի քաղաքապետին` այնտեղ ՀԳՄ մասնաճյուղ բացելու նպատակով: «Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, լսելով Թումանյանի տան շուրջ ծագած խնդրի մասին, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել բնակարանի 120 քմ.-ի ձեռքբերումը: Բացի այդ` «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը պատրաստակամ է բնակարանի հետագա շահագործման ծախսերը հոգալ»,-ասաց ՀԳՄ նախագահը:

Սերգո Երիցյանը հավելեց,  որ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Թումանյանի տունը կդառնա գրական, մշակութային եւ կրթական օջախ. «Կօգնենք, որ այնտեղ լինի գրադարան, կազմակերպվեն միջոցառումներ: Ամեն տարի Դսեղում թումանյանական օր ենք նշում, թող մի օր էլ այն նշվի Թբիլիսիում»: «Էդիթ-Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ գրադարանի ստեղծումն առաջնահերթ խնդիր է. «Թումանյանական շատ հրատարակություններ կան. միայն երկու տարում «Էդիթ-Պրինտը» հրատարակել է 30 անուն գիրք: Իսկ ապրիլի 22-ին կայանալիք «Երեւանը` գրքի մայրաքաղաք» տոնավաճառի ընթացքում, կաշխատենք ձեռք բերել նաեւ արտասահմանյան հրատարակությունները»:

Իրմա Սաֆրազբեկյանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե բնակարանը գնել պատրաստվող հովանավոր է հայտնվել. «Ես որեւէ լրատվամիջոցի որեւէ անուն չեմ ասել: Թումանյանը տարիներ շարունակ բարեգործություն է արել, եւ հիմա, կարծում եմ, մենք պետք է բարեգործություն անենք նրա համար»,-նշեց թոռնուհին եւ հավելեց, որ իրեն նույնիսկ թոշակառուներն են զանգահարել եւ իրենց թոշակն առաջարկել` բնակարանի գնման համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031