Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանն իր մյուս կուսակիցների նման վստահեցրեց, որ ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չկան. «ԲՀԿ-ն իշխանության մեջ է եւ դեռեւս խնդիր չկա, որ իշխանության մաս չկազմի: Առանձին մոտեցումներ եղան լսումների հետ կապված: Ես կարծում եմ, որ դրա մեջ ողբերգություն չկա, լսումներ է, թող անեն»:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի վրա ճնշումների, ընտրություններին վարչական լծակներն ու ռեսուրսներն օգտագործելու մասին հայտարարություն էր արել: Այդ առնչությամբ պարոն Մինասյանն ասաց, որ «Պարոն Օսկանյանը փորձառու դիվանագետ է, փորձում է նաեւ քաղաքական գործիչ դառնալ, վերջին տարիներին հայտարարություններով է հանդես գալիս այս կամ այն պատեհ կամ անպատեհ առիթներով՝ դա իր իրավունքն է, ըստ երեւույթին ինքը արեւի տակ տեղ է փնտրում, թող գտնի այդ տեղը, ի՞նչ ասեմ»:
Քանի որ վերջին շրջանում արծարծվում է Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի՝ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու թեման, ուստի հարցին, թե կա՞ նման որոշում կամ ցանկություն ՀՀԿ-ի կողմից՝ Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ նման հարց դեռ չի քննարկվել. «Ես կարծում եմ, որ եթե մարդիկ դաշտում ասելիք ունեն, պետք է նրանց հնարավորություններն օգտագործվի, բայց դա չի նշանակում, որ խոսքը այդ երեքի մասին է»:
ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ՀԱԿ-ի ցուցակի առաջին տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանն է լինելու, երկրորդ տեղում՝ Ստեփան Դեմիրճյանը, 3-րդ տեղում ո՞ւմ կուզենայիք տեսնել՝ Արամ Սարգսյանի՞ն, թե՞ Լեւոն Զուրաբյանին: Գրիգոր Հարությունյանը նախընտրեց տեսնել Արամ Սարգսյանին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ