Վերջերս Aravot.am-ին տված hարցազրույցում Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը զարմանք էր հայտնել, թե ինչու «Լույս» հիմնադրամը ցայսօր կրթաթոշակներ չի տրամադրում գերմանական որեւէ բուհում սովորող հայ երիտասարդի:
«Գերմանական բուհերը բարձր մակարդակ ունեն եւ կցանկանային «Լույս» հիմնադրամի գործընկեր բուհ դառնալ»,- ասել էր դեսպանը:
Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանից: Տիկին Կարաասլանյանը ի պատասխան դեսպանի մտահոգության՝ հայտնեց. «Մենք մեծ հարգանք ունենք դեպի բոլոր բարձր մակարդակ ունեցող համալսարանները: Ամեն երկիր ունի իր լավագույնը, ուղղակի ցանկը որոշվում է «US News Report» կազմակերպության` բուհերի միջազգային վարկանիշների հիման վրա: Այն ճանաչում է աշխարհի 400 լավագույն համալսարանները, մեր սկզբունքն էլ այն է, որ ընտրում ենք առաջին 10-ը: Համաշխարհային այդ ընկերությանն ենք վստահել բուհերի ցանկը կազմելը, պատճառն այն է, որ մենք չենք ուզում գնահատել՝ ով է առաջինը, ով՝ երկրորդը կամ երրորդը: Այդ որոշումը թողել ենք մասնագետ ընկերությանը, որը ամեն տարի ներկայացնում է 400 լավագույն բուհերը: Շատ հնարավոր է, որ մի տարի էլ, օրինակ՝ Իտալիայի կամ Գերմանիայի համալսարանները հայտնվեն 10-ի մեջ: Մենք ոչ մի կոնտրոլ չունենք, թե ինչպես է US News Report-ի լիստը հավաքվում , տեղյակ չենք իրենց չափանիշներից եւ դրա պատասխանատվությունը չենք կրում: Ու եթե գերմանական համալսարանները այդ ցանկում չեն, դա չի նշանակում, թե «Լույսը» չի հարգում Գերմանիայի կամ ուրիշ երկրների բուհերը: Ի դեպ, մեր այս տարվա ծրագիրը մեզ թույլ է տալիս երկրորդ ցանկ ստեղծել, որով հնարավոր է հատուկ համագործակցություն տարբեր երկրների հետ: Այստեղ մենք նախատեսում ենք համագործակցություն նաեւ Գերմանիայի հետ, որը քննարկում ենք այս պահին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ