Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ ղեկավարը չի բացառում կոալիցիոն նոր հուշագիրը

Հունվար 31,2012 16:53

«Կոալիցիայի ներսում եղել է աշխատանքային քննարկում եւ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- այսօր այսպես մեկնաբանեց Անվտանգության ազգային խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նախօրեին նախագահական նստավայրում տեղի ունեցած կոալիցիայի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, իսկ ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը:

Արթուր Բաղդասարյանի խոսքերով, դա եղել է կոալիցիայի հանդիպում, որտեղ քննարկել են առաջիկա ընտրություններին մասնակցության հետ կապված հարցեր. «Նոր փաստաթուղթ դեռեւս չենք ստորագրել: Կարող եմ ասել միայն, որ կոալիցիան այդ ամենն արել է փոխըմբռնման ոլորտում, այսինքն՝ քաղաքական իմաստով փոխհամաձայնեցման փուլում մեր դիրքորոշումների մարտավարությունը պարզելու, որովհետեւ ի վերջո քաղաքական կոալիցիան պետք է փորձի իր դիրքորոշումները ճշտել, հնարավորինս համաձայնեցված դիրքորոշումներով հանդես գա, մանավանդ որ, 3 կուսակցություններն էլ որոշել են մասնակցել առաջիկա ընտրություններին»: Հարցին՝ այս հանդիպման շրջանակներում նոր հուշագիր կստորագրվի՞, պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն լինի, ես դա չեմ բացառում, բայց նման հարց չի քննարկվել»:

Հարցին էլ՝ կոալիցիայի հանդիպման ժամանակ չի՞ քննարկվել արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական եւ համամասնականի ընտրակարգով ներկայանալու խնդիրը, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Դրա վերաբերյալ քննարկումներ չենք արել, ավելի լուրջ քաղաքական քննարկում է եղել: Խոսակցություն է եղել, դրական փոխըմբռնման ոլորտում, մնացածը տեխնիկական խնդիրներ են արդեն»:

Դիտարկմանը, որ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն հանդես է գալիս համամասնական ընտրակարգին անցնելու կոչերով եւ ընտրակեղծիքների դեմ պայքարին է միացել: ՕԵԿ նախագահը պատասխանեց. «Նախ ԲՀԿն որեւիցե բանի չի միացել, նրանք առաջարկել են, որ խորհրդարանական լսումներ տեղի ունենան համամասնական ընտրակարգի վերաբերյալ, որին բոլորը եւ կողմ են, եւ մասնակցել են: Այդտեղ որեւէ մի արտառոց բան չկա: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների դեմ պայքարին, ապա բոլորն են դրա դեմ պայքարում, եւ եթե նկատել եք՝ եւ ՀՀԿն, եւ ՕԵԿը եւ ԲՀԿն բազմիցս ասել են, որ ամեն ինչ կանեն, որ այս ընտրությունները անցնեն առավելագույն ազատ, թափանցիկ եւ հանրային ու միջազգային լավ գնահատականներով»:

Նա ավելացրեց, որ ՕԵԿ-ն անպայման առաջադրումներ ունենալու է մեծամասնական ընտրակարգով:

Այդ դիտարկմանը, որ ՕԵԿ-ի խորհրդարան անցնելու վերաբերյալ վատ կանխատեսումներ կան եւ ասում են, որ այդ կուսակցությունը չի լինի խորհրդարանում, նա պատասխանեց, որ բոլոր ընտրություններից առաջ էլ այդպիսի խոսակցություններ լինում են. «Բայց արդյունքները կան բոլոր ընտրությունների, մենք եղել ենք խորհրդարանում»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031