Մեր երկրում կենսաչափական անձնագրերի ներդրումից բացի, պետք է նաեւ լինի թվայնացման գործընթաց: Ծնունդներն ու մահերը նորմալ գրանցվեն: Արդարադատության նախարարությունը իր պետական ռեեստրը պետք է թարմացնի, նորացնի եւ ընդլայնի: Անհրաժեշտ է, որ խորհրդարանական համագործակցությանն ընդլայնվի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավվի, քանի որ այն թույլ է եւ այս ոլորտի փաստաթղթում բոլոր անհրաժեշտ կետերն ամբողջությամբ ներառված չեն: Այսօր «Էրեբունի» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության ցանկի նախագծի ներկայացման ժամանակ նման խորհուրդներով հանդես եկավ Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Անտտի Հարտիկայնեն: Բացի այդ, նա նշեց, որ պետք է հիմնել ազատ առեւտրի գոտի եւ ԵՄ հետ վիզաների դյուրացման համաձայնագիր կնքվի:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եղածը միջանկյալ փաստաթղթեր են: Հարցին, թե երբ է նախատեսվում, որ Հայաստանն իրապես կհամագործակցի Եվրամիության հետ, նա պատասխանեց. «Ոչ մոտ ժամանակահատվածում, բայց հետագայի համար կարելի է մտածել»:
Մեր այն հարցին, թե բացի վերը նշվածից, Հայաստանն ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի, որ վերջապես անդամակցի Եվրամիությանը, պարոն Հարտիկայնեն պատասխանեց. «Հիմա Հայաստանը ԵՄ ինտերգրման ճանապարհին է եւ, ինչպես տեսաք, այս միջոցառումների ցանկը վառ ապացույցն է նրա, որ Հայաստանը շարժվում է ԵՄ ինտեգրման ուղղությամբ եւ այստեղ ներառված միջոցառումները թույլ կտան ոչ միայն գործնականում քննարկել, այլ քաղաքական մակարդակում ինտեգրվել ԵՄ–ին: Որոշ ժամանակ հետո կստորագրվի ասոցացման համաձայնագիրը, որը նշանակում է եւս մեկ քայլ առաջ: Այս համաձայնագրի բանակցությունների գործընթացում արդեն կերեւա, թե որքան է Հայաստանը առաջ շարժվում եւ մոտ գտնվում ԵՄ–ին: Այս բանակցությունների ընդացքում բարեփոխումներ են իրականացվում, դրանք պարզապես բանակցություններ չեն լինում»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, հիմա առաջնահերթ պետք է կարողանանք փոփոխել պետական մարմինները, համակարգը, որպեսզի կարողանանք գործել ԵՄ լավագույն գործելակերպին համահունչ. «Պետք է կարողանանք զարգացնել ենթակառուցվածքները, ընթացակարգերը, որպեսզի կարողանանք մի փոքր մոտենալ ԵՄ–ին»:
Արթուր Բաղդասարյանի ներկայացմամբ էլ, տեղի են ունենալու հետաքրքիր բարեփոխումներ վարչական ու քրեական օրենսդրության մեջ. «Բայց նշված ուղղությունները ենթադրելու են քաղաքական համագործակցության խթանում: Այս ծրագիրը միջանկյալ օժանդակություն է հանդիսանում: 2013-ին մենք հույս ունենք արդեն հասնել ԵՄ–ի հետ քաղաքական ասոցացման պայմանագրի: Դրան զուգընթաց կունենանք բանակցային գործընթացներ՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման հետ կապված: Սա բավականին հավակնոտ քայլ է առաջ, մեզ համար շատ հաճելի է, որ քիչ առաջարկներ արվեցին, որովհետեւ այն 160 մոտեցումները, որ մենք պետք է անենք հաջորդ 2 տարվա մեջ, մշակվել են ԵՄ հետ»: Նրա խոսքերով, հիմնական բանակցային գլուխներն ավարտված են արդեն. «Այս գործողությունների ծրագիրը 2 տարով է: Մենք հույս ունենք 2013-ին արդեն ավարտել եւ դրան զուգընթաց՝ նոր ասոցացման պայմանագիր ստորագրել»:
Քննարկմանը ներկա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ մեր զրույցում նշեց, որ կողմնակից է Հայաստանի եւ Եվրոպական կառույցների խորը համագործակցության, որովհետեւ այս ամենն ինքնանպատակ չի. «Մենք անում ենք ամենը, որ մեր օրենսդրությունը եւ քաղաքական համակարգն ավելի մոտեցնենք եվրոպական չափանիշների»: Նրան դուր էր եկել ԱԺ մասով եղած կոնկրետ առաջարկությունը. «ԱԺ–ն թափանցիկ եւ բաց է ցանկացած նորմալ առաջարկի եւ քննարկման համար, միասին կորոշենք, թե ինչ անենք»: Հարցին, թե դա մեզ ի՞նչ կտա, նա պատասխանեց. «Կա հնագույն ավանդություն՝ ցանկացած ճիշտ եւ խելացի որոշում ընդունվում է դեբատների եւ քննարկումների արդյունքում: Պետք է քննարկենք, միջազգային փորձը նայենք, մեր փորձագետներին լսենք, եւ մեր կարծիքը կլինի: Ես համոզված եմ, որ այս ամենը դրական կազդի մեր երկրի վրա»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ