«Նախագահի հասցեին ավելի կոռեկտ արտահայտություններ արեք, որովհետեւ նա կոռուպցիոն բուրգի վերեւում չէ, նա երկրի նախագահն է»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված քննարկման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին կոչ արեց ՀՀԿ ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը: Զ. Թադեւոսյանն էլ ի պատասխան ասաց. «Ես չեմ համարում, որ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն է, որովհետեւ 2008 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ էի եւ չեմ արձանագրել, որ նա հանրապետության նախագահն է: Պաշտեք ձեր պաշտամունքի առարկային, ինձ համար պաշտամունք է նա, ով հայրենիք է սիրում»:
Ինչ վերաբերում է Հանրապետական պատգամավորի բնորոշմանը, թե ժողովուրդը թերահավատ է, Զ. Թադեւոսյանն ասաց. «Ցույց տվեք փաստեր տնտեսական աճի, բիզնես ազատության, օգնությունների արդունավետ բաշխման, բյուրոկրատական աշխատանքի արդյունավետ արդյունքների մասին, եթե կասեք` ապրեք դուք: Թե չէ էլեկտրոնային միջոցներում տեղադրված տեղեկատվությունը համարել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ արդյունքներից մեկը` առնվազն ծիծաղելի է»:
ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանն էլ էլեկտրոնային կառավարման արդյունավետության վերաբերյալ կարծիք հայտնեց. «Մենք փորձեցինք նախարարությունից երիտասարդական ծրագրերի վերաբերյալ տեղեկանալ, թե տրամադրված 200 մլն դրամները ինչ ծրագրով են իրականացրել: Մեզ պատասխան է գալիս, մեր էլեկտրոնային կայքէջում ամեն ինչ դրված է: Ամեն ինչ այնքա~ն են բարդացրել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ