Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյանը՝ Լեւոն Զուրաբյանին. «Պետք է սատանային սատանա ասել, հրեշտակին՝ հրեշտակ»

Հունվար 31,2012 15:18

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն թալանչիների եւ բանդիտների կուսակցություն է՝ նշեց, որ չի կարելի ամբողջ իշխանության համակարգին անվանել թալանչիներ՝ առանց հիմնավորելու. «Ես չեմ զարմանում, չեմ զայրանում, չեմ էլ ուզում մեկնաբանել, դա նորություն չի: Ես չեմ ընդունում ծայրահեղություններ, որ մի կողմում հրեշտակներ են, մյուս կողմում՝ սատանաներ, չկա նման բան: Բոլոր կուսակցություններում էլ կան կարգին մարդիկ, կան թալանչիներ: Ամեն տեղ էլ այդ գնահատականը պետք է ճիշտ տալ՝ պետք է սատանային սատանա ասել, հրեշտակին՝ հրեշտակ»:

Մինչդեռ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի մեկնաբանությամբ՝ Զուրաբյանի խոսքը չի վերաբերում նրանց, ովքեր պարկեշտ են. «Խոսքը վերաբերում է հետեւյալին՝ չէ՞ որ այսօր իշխանությունները վարչապետի բերանով հայտարարում են, որ մեր ազգաբնակչության 30%-ը սոված է, մինչեւ 55% կիսասոված մարդիկ կան, այդ 30-ի 15%-ն էլ ծայրահեղ սոված են: Մեր տան ներքեւում հինգ աղբարկղ է շարված, երկու տարի առաջ ամեն աղբարկղի վրա մեկ սոված էր, այսօր մեկի վրա կռիվ են անում երկու մարդ: Մեր տվյալներով՝ 60-70%-ն է սոված, բա Լեւոն Զուրաբյանը չասի՞, որ թալանում են»:

Գուրգեն Եղիազարյանի հաշվարկներով՝ ՀՀԿ-ն հազիվ 10% ձայն հավաքի, որովհետեւ մնացածը սոված են, իսկ սովածները կուշտին երբեք ձայն չեն տա:

Լեռնիկ Ալեքսանյանը չժխտեց, որ այսօր թալանում են, բայց, ըստ նրա, դա այսօրվա բան չէ, երեկվա բան չէ. «Այդ տեխնոլոգիաները գալիս են հնից: Մենակ Հանրապետականնե՞րն են թալանում»:

Խոսելով ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հավանականության մասին՝ ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ եթե բոլոր կուսակցություններն իրենց տեղերում լինեն, տեր կանգնեն իրենց տեղերին՝ ընտրությունները չեն կեղծվի. «Բոլորս էլ եղել ենք ընտրություններին եւ գիտենք, որ ընդդիմադիր կոչվածներն իրենց տեղերը հանձնաժողովներում, իրենց վստահելի անձանց փողով ծախում են եւ եթե իրենց կազմակերպվածությունը գնա ոչ միայն իշխանությանը վարկաբեկելու, այլ տեղում լինելու, տեր կանգնելու իրենց ձայներին, ես դրա կողմնակիցը կլինեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031