Վերջապե՜ս: Վերջապես իրականացավ հայ ժողովրդի մեծ երազանքը: Վերջապես մենք ունեցանք այն փոքրիկ անկյունը, ուր մեզնից յուրաքանչյուրը կարող է գնալ եւ տրվել մեծն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հանդեպ սիրուն: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե որքանով է փոխադարձ այդ սերը:
Կարեւորն այն է, որ շնորհիվ մի շարք մեծատառով Բլոգերների, եւ ամենաակտիվ ու հասարակության մեջ ամենամեծ համակրանքը վայելող հասարակական կազմակերպությունների, ինչպիսիք են օրինակ «Ռուսաց արծիվներ» ռազմահայրենասիրական միավորումը, «Մութ ուժեր™» նախաձեռնությունը, «Մեկ Փիղ» կազմակերպությունների դաշինքը, «Կոտայքի հաշվապահների միություն» միավորումը, «Ազատ ռուսաֆիլներ» նախաձեռնությունը, այսօր մենք՝ պուտինասեր հայ ազգաբնակչությունս, կարող ենք բաց ճակատով հայտարարել՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ձեր կողքին ենք, ավելին՝ ձեր հետեւում»:
Եվ այս անգնահատելի հնարավորության համար մենք իհարկե պետք է շնորհակալ լինենք Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային երիտասարդական շարժմանը, որը Հայաստանի երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների առաջարկությամբ Երեւանում հիմնեց «Պուտին» ակումբը: Ավելին, սա միակը չէ: Փետրվարի 2-ին նման մի ակումբ էլ կստեղծվի Ռուսական գրքի տանը:
Ու թեեւ այսօր «Քլաբարատորիայում» բացված ակումբում շատ բարեկամաբար ասացին, որ իրենք ողջունում են բոլոր պուտինասերներին, եւ կողմ են նման ակումբների բացմանը ողջ երկրով մեկ, երեկ Ռուսական գրքի տանը բացվելիք ակումբից ոչ այնքան բարեկամական հայտարարություն էր տարածվել, որում, մասնավորապես, ասվում էր. «Ավաղ, նախանձն ու անարդար մրցակցությունը մղեցին անհասկանալի մարդկանց ու կազմակերպությունների մի խմբակի փորձել ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդից փոխառել ակումբի ստեղծման գաղափարը: «Պուտինի» իսկական ակումբը բացվելու է փետրվարի 2-ին՝ Ռուսական գրքի տանը»: Սակայն այսօր մեր երիտասարդ «պուտինականները» մեծահոգի ժեստով ողջունեցին փետրվարի 2-ին նոր ակումբի բացումը, եւ առանց նախանձի հայտնեցին, որ ուրախ կլինեն, եթե բոլոր պուտինյան ակումբները միավորվեն եւ միասին կանգնեն Պուտինի ետեւում:
Կարդացեք նաև
Պարզվեց նաեւ, որ այսօր նաեւ Գյումրիում է բացվել նման ակումբ՝ «Մեկ փիղ» դաշինքի կողմից: «Առավոտի» հարցին, թե բացի այս ակումբներից, էլ որտե՞ղ է հնարավոր, որ բացեք նման լույսի օջախ, պարոնայք պուտինյանները հայտնեցին, որ շուտով նման ակումբ կբացվի նաեւ Մալիշկա գյուղում, որտեղ նաեւ նախատեսվում է ամառային ճամբար բացել՝ «Պուտինյան ճնճղուկներ» մանկապատանեկան կազմակերպությունների անդամ երեխաների համար: Շատ հատկանշական է, որ հենց Մալիշկա գյուղում կբացվի հաջորդ ակումբը: Չէ՞ որ այս գյուղը ոչ միայն պուտինասեր կադրեր է տվել հայոց եւ ռուսաց աշխարհներին, այլեւ նրա անունն իսկ արդեն պարտադրող է՝ Малышка:
Բացի այդ, կլինեն պուտինյան միամսյակներ, երեկոներ, քառամյակներ եւ այլ ժամանակի ու տարածության քննությանը դիմացող միջոցառումներ, որոնք եւս, ինչպես այս անգամ, կուղեկցվեն մի բաժակ «պուտինկայով» եւ իհարկե թթու վարունգով: