Լրահոս
Օրվա լրահոսը

Նշիկների վիրահատությունից մահացած երեխայի բժիշկը պետք է հղի մոր ու տատի խնդրանքը չկատարեր

Հունվար 31,2012 15:10

Երեք օր առաջ  «Հրազդան» բժշկական կենտրոնում կատարված նշագեղձերի վիրահատությունից հետո մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի հարազատներն ուշքի չեն գալիս: Նրանք վիրահատությունից 1 օր 7-8 ժամ հետո երեխային տուն են տարել եւ 1 օր անց փոքրիկին, ձեռքների վրա՝ արդեն մահացած, հետ են բերել հիվանդանոց: Եվ անկախ նրանից, որ «Հրազդան» բուժկենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ բուժսարքավորումներով, երեխային չի հաջողվել վերակենդանացնել:

Ըստ նախնական վարկածի, երեխան մահացել է արյունահոսությունից: Եվ մինչ գործը իրավապահների վարույթում է եւ նախաքննություն է ընթանում, Aravot.am-ը զրուցեց «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանի հետ: Մեր զրույցում պարոն Սահակյանը զերծ մնաց բժշկի մեղավոր-անմեղ լինելու մասին մեկնաբանություններ անելուց՝ ասելով, որ այդ հարցերով Կոտայքի մարզի քննչական բաժինն ու մարզի առողջապահության վարչությունն է զբաղվում: Սակայն բուժհիմնարկի տնօրենը գտնում էր, որ բժիշկը պետք է «կատեգորիկ» դեմ լիներ եւ տուրք չտար երեխայի հարազատների խնդրանքներին՝ Միլենային՝ ժամանակից շուտ դուրս գրելու. «Երեխայի մայրը մեծ հղիություն ուներ եւ տատն էլ խնդրեց, որ նրան շուտ դուրս գրենք, քանի որ երկար մնալու դեպքում իրենց տանը խնդիրներ են ծագում: Ճիշտ է, բժիշկը դուրս է գրել, բայց բացատրել ու ցուցումներ է տվել՝ ինչ ուտի, եթե երեխայի թքի գույնը վարդագույն լինի՝ ինչ անի, հեռախոսահամարն է տվել, որ անմիջապես զանգեն իրեն, եթե ինչ-որ բան նկատեն եւ այլն: Բայց ծնողները, երբ բերեցին հիվանդանոց՝ շատ ուշ էր եւ ոչինչ անել հնարավոր չեղավ: Միլենայի մոտ զանգվածային արյունահոսություն չէր, որ, ասենք՝ արյունաքամ լիներ, նա արյունահոսել է կաթիլ-կաթիլ եւ եթե շտապօգնություն կանչեին եւ ամենատարրական բուժօգնությունը նրան ցույց տային՝ տամպոն դնեին արյունահոսող վերքին, մինչեւ կհասցնեին հիվանդանոց՝ երեխան կփրկվեր»:
Պարոն Սահակյանի խոսքերով, երբ երեխային տուն են տարել, հաջորդ օրը  առավոտյան նա նորմալ վեր  է կացել, նրան կերակրել են եւ մինչեւ ժամը 13-ը  Միլենան իրեն լավ է զգացել: Ծնողները պատմել են, որ երբ վատանալուց հետո երեխան փսխել է, ամբողջովին արյուն է հետ տվել:
Aravot.am-ի հարցին, թե քանի՞ օրից պետք է դուրս գրվի նշիկները հեռացրած հիվանդը, պարոն Սահակյանն ասաց. «Դա հարաբերական է, կարող է դուրս գրվի 2 օրից կամ 3-4, կամ էլ՝ 7-րդ օրը: Հեռացված նշիկների տեղը պետք է փառ գոյանա եւ եթե բժիշկը տեսնում է, որ այդ փառը նորմալ նստել է իր տեղում, կարող է հիվանդին դուրս գրել: Դրանից հետո կան ցուցումներ, որոնց ծնողները պարտադիր պետք է հետեւեն: Ընդհանրապես նշիկների հեռացումը  համարվում է ամբուլատոր վիրահատություն, այսինքն՝ կարող են վիրահատել ու տուն տանել: Միլենայի դեպքում, նրա նախնական հետազոտության անալիզները միանգամայն նորմալ են եղել եւ վիրահատությունն էլ լավ է անցել»:
Ըստ Ռ. Սահակյանի, ճիշտ է, երեխային վիրահատած բժիշկը 1 տարի է աշխատում իրենց հիվանդանոցում, բայց նման 250 վիրահատություն է արել, եւ որեւէ խնդիր չի եղել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031