Այսօր ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում բացվեց «Հայ տպագիր գիրքը եւ հայ գեղարվեստական գրականությունը» թեմայով հանրապետական գիտաժողով: Զեկուցումները տարբեր էին՝ սկսած Գուտենբերգյան շրջանի հրատարակություններում մաշտոցյան գրերից, վերջացրած՝ երեխայի կյանքում հայ գրականության ու գրքի դերով:
Բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դեւրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր զեկուցումը, որը վերաբերում էր 16-18-րդ դարերում Հայ միջնադարյան տաղերին ու գանձերին:
«Հիմնականում տպագրվելով եվրոպական գաղթօջախներում հայ գիրքը կրել է եվրոպական տպագրության ազդեցությունը: Ես զբաղվում եմ մի խնդրով, որով ցույց եմ տալիս հայ հնատիպ գրքի՝ մի կողմից հայ ձեռագրային ավանդների փոխանցականությունը, մյուս կողմից՝ եվրոպական տպագրության ազդեցությունը»,- նշեց պարոն Դեւրիկյանը՝ հավելելով, որ որպեսզի հնատիպ գիրքը ավելի ընկալելի լիներ ժամանակի մարդկանց համար, լուսանցազարդեր էին ավելացնում, տառերը ծաղկագիր դարձնում ու գունավորում էին: Այսինքն, ժամանակը փոխում էր գրքի կառուցվածքը եւ ավելացնում նոր շերտեր ու բովանդակություն:
Խոսելով ընթերցասիրության պակասի մասին, գրականագետը ցավով փաստեց. «Արեւմուտքում այսպիսի մի խոսք կա՝ ասում են գրքերն ու թերթերը ավելի շատ նայելու համար են, քան կարդալու»: Ինչ վերաբերում է հայաստանյան իրականությանը, ըստ Վ. Դեւրիկյանի, քիչ կարդալու պատճառները սրանք են. «Մարդիկ ավելի նախընտրում են չոր ինֆորմացիան, քան վերլուծությունները, հաջորդը վիզուալության, գրավչության հարցն է, եւ երրորդը այն է, ինչ ձեւակերպել է Չարենցը դեռեւս 20-րդ դարասկզբին ՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»: Միջնադարյան գրքի զարգացումը դիտարկելիս, տեսնում ենք, որ բոլոր փոխակերպումները պայմանավորված էին նրանով, որ ժամանակի ընթերցողի համար գրքերը գրավիչ եւ ընկալելի լինեին, այսօր էլ նույնը պետք է անենք: Նաեւ մարդիկ պետք է գիտակցեն, որ ինֆորմացիայի ու փաստերի տիրապետելուց բացի, հարկ է գեղարվեստական արժեքով վեհանալ»:
Կարդացեք նաև
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Թումանյանի անձնական գրադարանը գրեթե անկորուստ հասել է մեզ, ու այժմ թանգարանում 8150 միավոր գիրք կա. «Հետաքրքիր է ուսումնասիրել դրանք՝ նախ հասկանալու համար ընթերցող Թումանյանն ինչպիսին է եղել, հետո՝ որքանո՞վ է այդ գրադարանը օգնել իր ստեղծագործական ընթացքին ու աշխարհայացքային ձեւավորմանը»: Տիկին Թուխիկյանը ցավով նշեց, որ այսօր գիրքը չի հերոսացվում ու քարոզվում, մինչդեռ ժամանակին Թումանյանը իր գրքերի մասին ասում էր. «Ոչ թե գրքեր են, այլ մեծ -մեծ մարդիկ, որոնք հետդ զրից են անում»:
Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը կարծում է, որ ազգային գրականությունը ժողովրդին ճանաչելու լավագույն բանալին է. «Ժողովրդին ճանաչելու համար պետք է ոչ թե չափես Արարատի բարձրությունը կամ Սեւանի խորությունը, այլ իմանաս նրա գրականությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ