Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կոռուպցիա` Հայաստանում

Հունվար 31,2012 15:40

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ «Կոնգրես» հյուրանոցում այսօր ՀՀԿ, ՀՅԴ ՀԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիային վերաբերող քննարկումը բուռն ստացվեց:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը համաձայն չէ, որ օրեցօր աճող կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում: Որպես ասվածի վկայություն, նա նշեց կառավարության կողմից ընդունված հակակոռուպցիոն ծրագիրը, էլեկտրոնային կառավարման ներդրումը, էլեկտրոնային գնումների համակարգը, ինչպես նաեւ այն, որ բոլոր նախարարություններում ստեղծված են կոլեգիաներ, որտեղ ներգրավված են ոչ միայն կառավարման, այլեւ հանրության ներկայացուցիչներ: «Արդյունքները ոչ միայն կառավարության, այլեւ միջազգային կառույցների կողմից են գնահատվել»,- հավաստիացրեց Ա. Հովհաննիսյանը եւ հավելեց, որ իրենց կուսակցությունը գտնվում է 300 խոշոր հարկատուների ցուցակում: Ըստ նրա, հակակոռուպցիոն ծրագրերն ունենում են իրենց դրական արդյունքը եւ կոռուպցիան նվազում է:

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը կոռուպցիայի վերացման երեք հիմնական բաղադրիչ առանձնացրեց` հստակ արտահայտված քաղաքական կամք, օրենսդրական փոփոխություններ, հասարակության մասնակցային գործընթացի ապահովում: «Քայլերը մեծ մասամբ ձեւական են, քաղաքական կամքը չի ձեւավորվում: Առաջին քայլն արվում է ընտրողաբար, արտահայտվում է միայն այն դեպքերում, երբ պետք է ցույց տալ, որ քաղաքական կամք գոյություն ունի: Նույն Ընտրական Օրենսգրքի քննարկման ընթացքում չնշվեց, թե օրենսգիրքը վերացնո՞ւմ է քաղաքական կոռուպցիայի ռիսկը Հայաստանում, թե՞ ոչ: Արդյոք վերլուծություն արվե՞լ է, թե ընտրությունները հնարավորություն տալի՞ս են տնտեսական, ֆինանսական իշխանութուն վայելող խմբերին տնտեսական իշխանությունը վերածել քաղաքական իշխանության, միանշանակ` ոչ»,- ասաց նա: Ավելի ուշ բերեց քաղաքական կոռուպցիայի կոնկրետ օրինակներ. «Նախագահն ասում է` գործարարները չեն լինելու խորհրդարանոմ, բայց հենց այսօր խորհրդարանում նույն պատգամավորները հայտարարում են` ես էլ եմ դնելու թեկնածությունս: «Սարգիս Կարոլինա» ընկերության ղեկավարը նշանակվել է Կենտրոնական բանկի խորհրդի նախագահ: Կամ ֆանտաստիկ օրինակ. օտար երկրում դեսպաններ են նշանակվում մարդիկ¸որոնք այդ երկրում ունեն հստակ արտահայտված տնտեսական շահեր»: Բ. Եսայանը կարծում է` Հայաստանում օրենքը յուրայինների համար մի կերպ է օգտագործվում, օտարների համար` այլ կերպ:

«Երկրի գլուխը չի կարողանում կառավարել, «ծամելու» հատկությունը զսպել, բնականոն զարգացման հիմքում կոռուպցիոն ամենամեծ ռիսկը ընտրություններն են: Եթե ընտրությունները կեղծվում են, նշանակում է, որ կանաչ լույս է վառվում մնացած բոլոր կոռուպցիոն ռիսկերի համար: Եթե ես գող եմ, գողի ձեռքը բռնել չեմ կարող»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: Նրա հայտնած կարծիքը, թե կոռուպցիոն բուրգի ետեւում հանրապետության նախագահն է, վրդովվեցրեց Հանրապետական պատգամավորին, ինչից հետո քննարկումը վերածվեց բանավեճի:

Մանրամասները` քիչ անց:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031